Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Օգոստոս / 2020 : 20-43

Դասերը կլինեն վեցօրյա, դիմակները՝ պարտադիր. ինչպես է իրականացվելու դասապրոցեսը (տեսանյութ)

Ուսանողներն ու աշակերտները դասի կնստեն դիմակներով, ախտահանիչ միջոցները կապահովեն դպրոցները։ Հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա, որպեսզի հնարավոր լինի դասաժամերը կրճատել։ Դասերը կանցկացվեն առավելագույնը 20 աշակերտով, մյուսները ծրագրից հետ չեն մնա՝ երկրորդ հերթով դասի կգան։

Սեպտեմբերի 15-ից բացվող ուսումնական հաստատությունների կանոնների մասին այսօր «Ազատությանը» մանրամասներ փոխանցեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը` հավելելով՝ նախկինի համեմատ աշակերտները դպրոցում ավելի քիչ կմնան, հետևաբար չեն գործի նաև բուֆետները։

Ուսուցիչներն, ըստ նախարարի, լրացուցիչ աշխատանքներ չեն ունենա։ Ֆիզկուլտուրայի ու երգեցողության դասերի միայն տեսական մասը կկազմակերպվի, երգի ժամին չեն երգի, ֆիզկուլտուրայի ժամին չեն վազի կամ չեն թռչկոտի, որպեսզի կորոնավիրուսի տարածման վտանգ չլինի։

Այս նոր ուղեցույցները պարտադիր կատարման են մասնավոր և պետական դպրոցների համար։ Նախարարն այսօր կոչով է դիմել աշակերտներին, ուսանողներին և ծնողներին՝ մինչև դասերի բացվելը կամավոր ինքնամեկուսացման անցնել և սահմանափակել շփումները. - «Որպեսզի մենք արդեն ամենասկզբից դասապրոցեսի մեկնարկից ի վեր վիրուսը չբերենք դպրոց և մի մեծ շղթա կտրենք, ինչը մեծ հավանականությամբ մեզ թույլ կտա որևէ սահմանափակման գոնե այս կիսամյակում չգնալ»:

 
Սովորողների 20 հոգանոց խմբերի անցնելու համար, եթե դասասենյակների խնդիր առաջանա, անհրաժեշտության դեպքում դասերը կկազմակերպվեն նաև նախասրահներում և ֆիզկուլտուրայի դահլիճներում, այնքան, որքան եղանակը թույլ կտա: Նախարարից հետաքրքրվեցինք՝ եթե դասարաններում այդուհանդերձ նոր կորոնավիրուսով վարակվածության դեպքեր գրանցվեն, դասերի հետագա ընթացքն ինչպե՞ս է կազմակերպվելու:

«Ըստ իրավիճակի պետք է հասկանանք` նախ իր համադասարանցիների շրջանում ամենայն հավանականությամբ ամբողջական թեստավորում կիրականացվի, և եթե դասարանում այդպես տարածում չկա, ապա դասերը չեն կասեցվի տվյալ դասարանում: Եթե մենք տեսնենք, որ տարածում կա այդ թեստավորման արդյունքում, ապա տվյալ դասարանում դասերը կդադարեցվեն», - մանրամասնեց Արայիկ Հարությունյանը:

Դիտվել է 85446անգամ
Վերջին լուրեր