Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Օգոստոս / 2020 : 19-30

Կրկին բանկային վարկերի և տոկոսների մասին

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կրկին բանկային (լոմբարդային) վարկերի և տոկոսների մասին։
...
Ժողովո՛ւրդ ջան, եկեք միասին առանց որևէ շահարկումների և երանգավորումների փորձենք հասկանալ մի պարզ իրողություն։


Տեսեք` հինգ ամիս է`ինչ երկրում հայտարարված է արտակարգ դրություն և լիովին տրամաբանական է, որ եթե պետությունը հայտարարում է արտակարգ դրություն, որն ըստ էության ֆորս մաժոր է, ապա պետությունը փաստացի պարտավորություն է ստանձնում լուծել խնդիրներ, որոնց առջև կանգնում է քաղաքացին արտակարգ դրության հետևանքով։

Գաղտնիք չէ,որ արտակարգ դրությանը զուգահեռ երկրում մոլեգնում է տնտեսական ճգնաժամ, ինչը բերեց շատ խորը սոցիալական խնդիրների ՀՀ քաղաքացիների համար, նվազագույնը`հասարակ մարդկանց եկամուտների կտրուկ նվազումն է, օրինակ զանգվածային գործազրկության պատճառով։


Դրա հետ մեկտեղ, Հայաստանում գրեթե չկա ընտանիք, որը չգտնվի բանկային վարկերի և տոկոսների գերության մեջ։ Հիմա ես չեմ քննարկում, թե ինչն է բերել այս իրավիճակի, երբ ժողովրդի կեսը գտնվում է «տոկոսի տակ» (չնայած լոմբարդային քաղաքականությունը, որով առաջնորդվում է մեր բանկային համակարգը, արդեն իսկ պատասխանում է այս հարցին),խնդիրը հետևյալն է. ինչպես է ժողովուրդը, որը փաստացի գտնվում է ծանրագույն ֆինանսական «փոսի» մեջ, լուծելու վարկերի և տոկոսների խնդիրը։

Մենք բազմաթիվ անգամ այս հարցը բարձրաձայնել ենք կառավարության առջև,սակայն միակ պատասախանը, որը լսեցինք այն էր, որ քաղաքացին պետք է ինքնուրույն պայմանավորվի բանկերի հետ, և բանկերը, բարի կամք դրսևորելով, այս կամ այլ կերպ կընդառաջեն վարկառուներին։

Այո՛, պետք է փաստել, որ որոշ բանկեր տարբեր պայմաններով տրամադրեցին որոշ վարկառուներին այսպես կոչված` «տոկոսային արձակուրդներ», սակայն գլոբալ առումով այս տարբերակը ոչ մի կերպ չդարձավ հարցի գլոբալ լուծում։ Ասեմ ավելին`բանկերը ի վերջո վերադարձան կրկին տոկոսների գանձմանը։

Պարզ է, որ բանկերը առաջին հերթին բիզնես կառույցներ են,որոնց հիմնական նպատակն է ստանալ շահույթ,ինչը ենթադրում է, որ բանկերի «բարի կամքը» սահմանափակված է կրկին լոմբարդային տրամաբանության ներքո, այդ իսկ պատճառով կարելի է եզրակացնել, որ միայն պետական մեխանիզմների կիրառման արդյունքում հնարավոր է շտկել բանկային վարկերի և տոկոսների խայտառակ իրավիճակը։

Կարճ ասած, մնում եմ իմ համոզմունքին, որ պետությունը պարտավոր է վարչարարական մեթոդներ կիրառելով սառեցնել որոշ ժամանակով գոնե վարկերի տոկոսները, այլ կերպ իրավիճակը գնալով առավել ծանրանալու է, քանզի մարդիկ պարզապես չունեն ֆինանսական հնարավորություն վճարել նախկինում վերցրած վարկերը։

Կարող եք հակադարձել, որ մարդիկ գիտակցաբար են «մտել» վարկերի տակ, սակայն միանշանակ կարող եմ պնդել, որ երբ մարդիկ վերցնում էին վարկեր, ապա այն ժամանակ ոչ արտակարգ դրություն կար, ոչ էլ այս մասշտաբի տնտեսական ճգնաժամ, էնպես որ անընդունելի է մարդկանց մեղադրել ֆինանսական անփույթության մեջ։

Բանկային գերության հարցը, որի մեջ ընկել է ՀՀ քաղացիների մեծ մասը, պետք է միանշանակ լուծվի։ Այլ կերպ այլևս հնարավոր չէ։
Վեր»ջ։

Դիտվել է 40518անգամ
Վերջին լուրեր