«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացել է 4 ամսական երեխա
Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամեր առաջ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 4 ամսական աղջիկ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ֆոտոլրագրող Գ․Շամշյանի հետ զրույցում մահացած երեխայի հարազատներն ասել էին. «Առաջին հերթին, ուզում ենք մեր խնդրանք-բողոքը ուղղել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որպեսզի հետևություններ անի, թե ինչպիսի անհարգալից վերաբերմունք է տիրում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:
Երեխային մի քանի օր առաջ ռեամոբիլով Սիսիանից տեղափոխել ենք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Մի քանի օր շարունակ գիշերել ենք հիվանդանոցի բակում, որպեսզի երեխայի առողջական վիճակի մասին ամեն մի տեղեկություն շուտ իմանանք: Անգամ երեք հեռախոսահամար ենք տվել բաժնի վարիչ տիկին Չոբանյանին: Մեկ օր առաջ տղաս այցելել է հիվանդանոց և տեսել երեխային, ով բավականին աշխույժ է եղել, ոտքերն ու թաթիկները թափ է տվել, խաղացել պապայի հետ:
Մեկ օր առաջ էլ մայրը հերթական կաթն է բերել երեխային, սակայն հիվանդանոցում ոչ միայն հրաժարվել էին կաթը վերցնել, այլև ասել էին, «թե ով է ձեզ ասել, որ էսօր կաթ բերեք: Երեխան շատ վատ վիճակում է»:
Այսօր տեղեկացրեցին, որ երեխան մահացել է: Եվ հստակ պատասխան ստանալու նպատակով փորձեցինք հանդիպել տիկին Չոբանյանին, սակայն նա ոչ միայն հրաժարվեց, այլև անվտանգության աշխատակիցների միջոցով մեզ տեղեկացրեց, որ ինքը ոչ մեկի հետ չի ցանկանում հանդիպել, միայն երեխայի մահվան մասին մի քանի բառով կխոսի մոր հետ: Պատկերացնում ե՞ք մոր վիճակը, իսկ մեր հետ, որ երեխայի տատիկն ենք, հորաքույրը, բաժնի վարիչը չի ուզում հանդիպել: Գլխավոր տնօրեն պրն Դալլաքյանի վերաբերմունքից էլ զայրացած ենք ու զարմանում ենք, որ նման հիվանդանոցի տնօրենը բժշկին ոչ հարիր պահվածք է ցուցաբերում:
Մենք նաև խնդրում ենք առողջապահության նախարար Ա. Թորոսյանին, որպեսզի նաև «Սիսիանի» հիվանդանոցով զբաղվի, քանի որ երեխային այդ օրը գցելու մեջ մեղքի իրենց բաժինն ունի նաև այդ հիվանդանոցը: Կատարվածի մասին դիմել ենք ոստիկանության Շենգավիթի բաժին, և օպերատիվորեն ոստիկանությունը ժամանեց և մենք մեր բողոքը ներկայացրել ենք հետաքննիչին: Գիտենք, երեխային հետ չենք բերի, բայց գոնե մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հետագայում ոչ մի ծնող նման ողբերգություն չապրի:
«Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնում միայն անվտանգության աշխատակիցների հոգատար ու սրտացավ վերաբերմունքը զգացինք մեր նկատմամբ, իսկ բաժնի վարիչն ու տնօրենը թող Աստծո առջև պատասխան տան»:
Մահացած երեխայի ծնողները բնակվում են Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Թասիկ գյուղում: Մահացած աղջիկը 27-ամյա Վոլոդյա Սիմոնյանի և 23-ամյա Զարինե Հովհաննիսյանի երկրորդ երեխան է: