25 / Օգոստոս / 2020 : 21-31

Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան մահացել է

«Ցավով հայտնում եմ, որ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան այդպես էլ գիտակցության չգալով մահացել է:

Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով՝ տանը դաժան ծեծի ենթարկվելուց հետո: Ուներ համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Առաջին իսկ օրից անգիտակից էր, միացված արհեստական շնչառության սարք»։

Գևորգ Դերձյան

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ

 

Հիշեցնենք, որ իր 6-ամյա և 4-ամյա թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով Տավուշի Խաշթառակ համայնքում ձերբակալվել է 57 տարեկան մի տղամարդ։ 6-ամյա երեխան ստացել էր համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր, իսկ 4 տարեկան փոքրիկի մոտ առկա է գանգային արյունազեղում։ 4-ամյա երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվում:

Տվյալ տղամարդու մյուս 5 թոռներն օգոստոսի 20-ին նախնական սուր էկզոգեն թունավորում ախտորոշմամբ ևս տեղափոխվել էին Երևան՝ «Մուրացան» բժշկական կենտրոն։

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակչի կողմից իր անչափահաս թոռներին ծանր մարմնական վնաս, ինչպես նաև  ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նրա 28-ամյա դուստրը նույնպես պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 5 անչափահաս երեխաների, ինչպես նաև՝ համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիների մարմինների տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:

Դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Որոշում է կայացվել նշված երկու քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին: Քրեական գործով 7 անչափահաս երեխաները ճանաչվել են տուժող: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին: Հարցաքննվել են մի շարք անձինք: Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:

2020թ. օգոստոսի 20-ին Խաշթառակ համայնքի 28-ամյա բնակչուհին ձերբակալվել է:

Դիտվել է 64347անգամ
Վերջին լուրեր