28 / Օգոստոս / 2020 : 22-18

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պարզաբանումը՝ կապված օլիմպիադայում ծագած սկանդալի հետ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ, որը նվիրված է շախմատի օլիմպիադայի Հնդկաստանի հետ խաղում տեղի ունեցած սկանդալին:

 
«Հայաստանի հավաքականը ի նշան բողոքի բոյկոտեց Հնդկաստանի հետ երկրորդ մրցախաղը

Օնլայն Օլիմպիադայի 1/4 եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցն էր Հնդկաստանի ընտրանին: 2,5 - 2,5 հաշվի ժամանակ մրցաշարի հարթակ հանդիսացող Chess.com կայքում առաջացավ տեխնիկական խնդիր, որի պատճառով Հայկ Մարտիրոսյանի կատարված քայլը չգրանցվեց և նրան գրանցվեց պարտություն: Նշենք, որ դիրքը, որի ընթացքում սպառվեց նրա ժամանակը, ամբողջովին հավասար էր և ավարտվելու էր ոչ-ոքի:

Հայաստանի շախմատի ֆեդերացիան պաշտոնապես բողոքարկեց որոշումը, սակայն, շուրջ երկու ժամ տևած քննարկումից հետո, ՖԻԴԵ-ն մերժեց բողոքը, որի արդյունքում Հայաստանի հավաքականն առաջին մրցախաղում պարտվեց: Նշենք, որ ֆեդերացիայի տեխնիկական մասնագետները ապացուցեցին, որ Հայաստանի հավաքականի մոտ մրցախաղի ամբողջ ընթացքում եղել է ինտերնետ հասանելիություն, Հայկ Մարտիրոսյանը միացված է եղել Zoom տեսազանգին և, եթե խնդիրը լիներ ինտերնետի բացակայությունը մեր կողմում, ապա նա չէր գտնվի նաև Zoom տեսազանգի տիրույթում: Մեր տեխնիկական մասնագետները նշեցին նաև, որ ֆեդերացիան ունի երկու ինտերնետ կապի հասանելիության գիծ և, եթե մեկ գիծը խափանվում է, անմիջապես միանում է մյուսը, և այդ դեպքում փոխվում է IP հասցեն:

Chess.com կայքը հաստատեց, որ IP հասցեի փոփոխություն չի եղել, Հայկ Մարտիրոսյանը միշտ ունեցել է համացանցի հասանելիություն, սակայն, իրենց համար անհասկանալի պատճառով, նրա քայլերը չեն գրանցվել: Մեր փաստարկներին չներկայացնելով որևէ իրական հակափաստարկ՝ ՖԻԴԵ-ն մերժեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի բողոքը:

Հայաստանի հավաքականի անդամներն այն համոզմանն էին, որ կայացված որոշումն ակնհայտ  անարդար է, և նման պայմաններում մեր թիմը չի կարող շարունակել հետագա մասնակցությունը մրցաշարին: Թիմը որոշեց բոյկոտել Հնդկաստանի հետ 2-րդ մրցախաղը:

 
Հայաստանի շախմատի ֆեդերացիան մրցաշարի հարթակ հանդիսացող chess.com կայքից պահանջել է կայքի ծանրաբեռնվածության հետ կապված որոշակի տվյալներ, սակայն մինչ այժմ պատասխան չի ստացել»:

Դիտվել է 22594անգամ
Վերջին լուրեր