«Մալաքյան եղբայրներին դաժան ծեծի են ենթարկել ոստիկանները»․ հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյան (տեսանյութ)
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով «Փյունիկի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանի և «Արարատի» նորեկ Էդգար Մալաքյանի մասնակցությամբ միջադեպին:
«Ցանկանում եմ կոչով դիմել այն մարդկանց, ովքեր անտարբեր չեն Գոռ և Էդգար Մալաքյանների գործով։ Ցանկանում եմ մի քանի թեմաների վերաբերյալ խոսել: Շատ հրապարակումներ եմ տեսնում, որտեղ ասվում է՝ օրենքը հավասար է բոլորի համար, ես համաձայն եմ դրա հետ և կապ չունի, թե ինչ մասնագիտության տեր ես։ Կապ չունի, թե ինչ մասնագիտություն ունես, բայց այդ թվում են նաև ոստիկանները, ովքեր անօրինաբար դաժան ծեծի են ենթարկել Գոռին և Էդգարին։ Գոռը նույնիսկ ունի տեսուղության հետ կապված խնդիրներ, որը կարող է անդրադառնալ ամբողջ կյանքում իր գործունեության վրա։
Ուզում եմ նաև խոսել այն մարդկանց մասին, ովքեր որ շատ կտրուկ են արտահայտվում՝ առանց իրականությունը իմանալու։ Ուզում եմ ասել, որ այդ շատ կայքերի գրածներ 99%-ով չեն համապատասխանում իրականությանը։ Գոռն ու Էդգարը չէին կարող երկու հոգով ծեծել 4,5,6 ոստիկանների, ընդհակառակը, ոստիկաններն են նրանց դաժան ծեծի ենթարկել։ Ամեն դեպքում, ցանկանում եմ այդ մարդկանց դիմել՝ ավելի լավ տեղեկացված լինել գործին, կամ փոքր-ինչ համբերություն ունենալ՝ իմանալու թե ինչ է իրականում եղել, նոր իրենց կարծիքը հայտնեն»,- ասել է Ղազարյանը:
Ավելի վաղ Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը պատմել էր, որ ֆուտբոլիստ եղբայրներին մեղադրանք է առաջադրվել օգոստոսի 30-ին կասկադում տեղի ունեցած միջադեպի առթիվ: Փաստաբանը հրապարակել էր նաև ծեծի ենթարկված ֆուտբոլիստների լուսանկարները: