Կարանտինն արտակարգ դրությունից ավելի վա՞տն է լինելու. ՀՀ քաղաքացիները կկարողանա՞ն հատել սահմանը. Պարզաբանում է փոխնախարարը
Հայաստանում սեպտեմբերի 12-ին կարանտին կհայտարարվի
Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ արդյոք սեպտեմբերի 12-ից Հայաստանում կարանտին է հայտարարվելու:
«Եթե այո, այն կարո՞ղ է լինել ավելի վատ, քան՝ արտակարգ դրությունը, և ՀՀ սահմանները շարունակեն փակ մնալ», - հարց ուղղեց պատգամավորը:
Փոխնախարարն իր հերթին պատասխանեց՝ կառավարությունն, այո, մտադիր է կարանտին հայտարարել և շարունակել պայքարը կորոնավիրուսի դեմ:
Էդմոն Մարուքյանը կրկին ճշտեց՝ հնարավո՞ր է, որ կարանտինի պայմաններում ՀՀ քաղաքացիներին կրկին չթույլատրվի լքել երկրի սահմանները:
Ռաֆիկ Գրիգորյանը նկատեց՝ կարանտինը չի կարող համեմատվել արտակարգ դրության ռեժիմի հետ:
Նախագիծը զեկուցող Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը նաև նշեց, որ այս օրենսդրական փաթեթը նախատեսում է իրավունքների սահմանափակումների, միջոցառումների կիրառման այնպիսի սահմանափակ հնարավորությունը, որը հնարավոր չէ շփոթել արտակարգ դրության հետ. «Որոշակի դեպքերում կան հնարավորություններ անվտանգության կանոններ ապահովել, բայց արտակարգ դրության գործիքակազմը շատ ավելի լայն է»: