16 / Սեպտեմբեր / 2020 : 13-40

6 հազար ուսուցիչներ թեստավորվել են, վարակվածների թիվը 1 տոկոսի սահմանում է. ԿԳՄՍ նախարար

Այսօր ունենք 6 հազար ուսուցիչների թեստավորման արդյունքներ, որը ցույց է տալիս, որ վարակվածների թիվը 1 տոկոսի սահմանում է, ինչը շատ լավ արդյունք է մեզ համար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Սա երկու բանի մասին է փաստում, որ մեր ուսուցիչները շատ գիտակից են եւ պահպանում են կանոնները, ունեն սոցիալական մեծ պատասխանատվություն, երկրորդ, մենք սրա արդյունքում ստիպված չենք լրացուցիչ դժվարություններ կրել եւ փորձել փոխարինել նրանց: Սա շատ լավ է: Էս առաջին փուլը որ անցնի, մենք կնախաձեռնենք դպրոցներում հետագայում պատահական ստուգումներ, որ էդ շղթաները կտրենք»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ թեստավորման ընթացքում բազմիցս արձանագրվել է, որ ուսուցիչները պոլիկլինիկաներում չեն պահպանում հակահամաճարակային կանոները, երեկ էլ արդեն դպրոցներում, նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում, վախ չկա՞, որ սա կարող է դառնալ բռնկման նոր պատճառ, հատկապես, որ ուսուցիչների մի մասն էլ չեն թեստավորվել, Արայիկ Հարությունյանն արձագանքեց. «Ցավոք սրտի, այդ մեկ-երկու դեպքերը որ արձանագրվել են, կան եւ մենք պետք է միջոցներ ձեռնարկենք: Նախորդ շաբաթ, երբ այս համակարգը պետք է ներդրվեր եւ դասերը վերսկսվեին, ես ասել եմ՝ ամենեւին չենք ակնկալում, որ առաջին օրվանից 100 տոկոսանոց համապատասխանեցում ենք ունենալու ուղեցույցին, բայց ունենք լավ արդյունք եւ այն դպրոցները, որոնք մենք այցելել ենք անձամբ, կլինեն դրանք Երեւանում, թե մարզերում, այդ դպրոցներում արձանագրել ենք ուղեցույցի պահանջներին համապատասխանում»:

Հարությունյանը նշեց, որ այն սահմանափակումները, որոնք կան՝ ուղղված են ուսուցիչների եւ աշակերտների առողջության պահպանմանը եւ համավարակային այս պայմաններում նոր բռնկումներ թույլ չտալուն. «Որովհետեւ մենք չենք ցանկանում, որ ունենանք նոր լոկդաուններ եւ դպրոցները փակվեն: Մեր գործողությունները միտված են նրան, որ դա տեղի չունենա եւ մենք որքան հնարավոր է շուտ ձերբազատվենք այս կանոններից, որոնք սահմանված են համավարակի պայմաններում»,- նշեց նա:

Հարությունյանի խոսքով՝ դպրոցների գերակշիռ մասում հանգիստ վիճակ է եւ չեն ունեցել, չեն արձանագրել կանոնների խախտում: Նա հավելեց, որ պոլիկլինիկաններն էլ պարտավոր են հետեւել կանոններին:

Դիտվել է 7906անգամ
Վերջին լուրեր