16 / Սեպտեմբեր / 2020 : 18-54

Կորոնավիրուսի դեմ պայքարում ռազմավարական առումով Կառավարությունն ամեն ինչ ճիշտ է արել. Վարչապետ

ՀՀ կառավարությունը 100 տոկոսով թափանցիկ է եղել և շարունակում է թափանցիկ մնալ կորոնավիրուսի հարցով: Այն, ինչ գիտի Կառավարությունը կորոնավիրուսի թվերի հետ կապված, գիտի հանրությունը:

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ հարցին:

«Մենք որդեգրել ենք հրապարակային հետևյալ սկզբունքը՝ պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ, և մենք դա արել ենք, և ճիշտ ենք արել: Ռազմավարության առումով ես ճշգրիտ համոզված եմ, որ 100 տոկոսով ինչ արել ենք, ճիշտ ենք արել: Այդ պրոցեսում եղել են թերություններ, դրա հետ կապված ՊՎԾ-ն էլ է դիտարկումներ արել, ԱԺ գլխադասային հանձնաժողովն էլ է դիտարկումներ արել: Թերություններ, ինչպես ամեն տեղ, եղել են, բայց մենք ռազմավարության առումով ճիշտ ենք վարվել և ճիշտ ենք վավում»,-ասաց նա:

Վարչապետն ընդգծեց՝ միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որոնց համաձայն՝ երկրների մեծ մասը չի հրապարակում կորոնավիրուսի իրական տվյալները. «Երկրներ կան և եղել են, որոնց օրական տվյալներն ուղիղ կապվածության մեջ են մեր օրական տվյալների հետ: Որ գրաֆիկներով նայում ենք, իրար զուգահեռ շարժվում են: Մենք առավոտյան ենք հրապարակում, իրենք՝ երեկոյան: Այդպիսի բան չի կարող լինել, որ գրաֆիկները ոնց դնում ենք, նույն կերպ սինխրոն շարժվում են առաջ»:

Վարչապետը նկատեց, որ մի կողմից կառավարությանը մեղադրում են կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու մեջ, մյուս կողմից ասում են, որ մարդիկ դիմակ չկրեն, բացեն ամեն ինչը, չտուգանեն, կորոնավիրուս չկա: «Գալիս են, ամբիոնից ելույթ են ունենում, դիմակ չեն կրում: Կորոնավիրուսի ընթացքում մասնակցել են քարոզչությանը»,-ասաց նա:

Դիտվել է 4199անգամ
Վերջին լուրեր