21 / Սեպտեմբեր / 2020 : 12-57

«Ամենամեծ ձեռքբերումն այս տարիների ընթացքում մեր անկախության պահպանումն է, մենք պետք է կարողանանք այն հարատև դարձնել». Հայկ Մարկոսյան

Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է  իր անկախության 29-ամյակը: «Անկախության սերունդ» հասարակական կազմակերպությունը, որպես անկախության իրական կրող, նշում է կազմակերպության վերակազմավորման 14 տարին՝ հանրագումարի բերելով անցած ճամփան և ձեռքբերումները:

Այս առիթով Yelaket.am-ը զրուցեց «Անկախության սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ, Հայկական տեղեկատվական կենտրոնի/AIC, Էյա-Այ-Սի/, Մեդիա Ասոցացիայի/Yelaket.am, YerevanNews.am, Econews.am/ և Մեդիֆիլդ հայ-ամերիկյան երկլեզու տպագիր ամսագրի հիմնադիր  Հայկ Մարկոսյանի հետ:

Վերջինս հանգամանալից ներկայացրեց կազմակերպության նպատակները և այս տարիների ընթացքում վերջինիս ծավալած գործունեությունը: ««Անկախության սերունդ» հասարակական կազմակերպությունը իրավաբանական գրանցում է ստացել դեռևս 1997 թվականին, սակայն կազմակերպությունն իր ներկայիս անվանումը՝ «Անկախության սերունդ», ստացել է վերակազմավորման արդյունքում 2005 թվականին։  

Դեռևս 1996-97 թթ-ին ուսանողական տարիներից, ես և ընկերներս հանդես ենք եկել տարբեր նախաձեռնություններով և իրականացրել բազմաթիվ երիտասարդական, կրթական-ճանաչողական նախագծեր և հեռուստածրագրեր, իսկ 2006 թվականին մենք արդեն ունեինք մի նոր հեռուստանախագիծ, որը հենց կոչվում էր «Անկախության սերունդ», ինչն էլ կյանքի կոչվեց ՀՀ մշակույթի նախարարության երիտասարդության վարչության աջակցությամբ:

Նախագիծն առաջին անգամ եթեր հեռարձակվեց 2006 թվականի ամռանը, «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ, իսկ աշխատանքները մեկնարկել էին ապրիլ-մայիս ամիսներին»:

Զրույցի ընթացքում Հայկ Մարկոսյանն անդրադարձավ նաև կազմակերպության անվան ընտրությանը. «Մենք մեզ համարում ենք անկախության սերնդի ներկայացուցիչներ: ՀՀ-ում ներկայումս ապրում է այն սերունդը, որը կերտել է անկախությունը և անկախ երկրի լիիրավ տերն է. Մեր սերունդը ծնվել է խորհրդային տարիներին, բայց հասակ է առել նորանկախ երկրում ու հանդիսանում է անկախության առաջին ժառանգորդը, իսկ մյուս սերունդը ծնվել և հասակ է առել արդեն լիովին անկախ Հայաստանում:

Եվ արդեն բոլորով միասին, հանդիսանալով մերօրյա անկախության և երկրի ապագայի պատասխանատուներ, համատեղ գործելու, նորը ստեղծելու և արարելու խնդիր ունենք։ Այս մտքերն ու գաղափարներն էին կազմակերպության ստեղծման հիմքում, համախմբվել ու համախմբել անկախության սերնդի բոլոր ներկայացուցիչներին և նոր ծրագրերով սեփական ներդրումն ու նպաստն ունենալ Հայաստանի Հանրապետության պետականության ամրացման գործին»:   

«Դեռևս 2006 թվականից «Անկախության սերունդ» հասարակական կազմակերպությունը իրականացրել է մի քանի տասնյակ երկարաժամկետ և հեռանկարային նախագծեր՝ սկսած հենց առաջին նախագծից, որը «Անկախության սերունդ» երիտասարդական հաղորդաշարն էր՝ նվիրված երիտասարդների խնդիրներին, նրանց նախաձեռնություններին ու գործունեությանը:

Իմ ընկերների կազմակերպության համահիմնադիր և նախագծի համահեղինակ Տիգրան Սաֆարյանի և Թամար Մինասյան հետ հաղորդաշարի միջոցով հնարավորինս ներկայացնում էինք վերջիններիս գործունեությունը տարբեր ոլորտներում, խրախուսում և լուսաբանում ստեղծագործ անհատների նախաձեռնություններն ու աշխատանքները: Բնականաբար, մեր կողմից այդ տարիներին իրականացվող նախագծերը մեզ համար հնարավորություններ ստեղծեցին հետագայում համագործակցության մեծ դաշտ ձևավորել Հայաստանում գործող այլ հասարակական կազմակերպությունների և պետական հաստատությունների հետ, ինչպես նաև ընդլայնել համագործակցության հնարավորությունները միջազգային կառույցների, հիմադրամների և Հայաստանում ներկայացուցչություններ ունեցող այլ կազմակերպությունների հետ:  

 

Սրանից հետո մենք սկսեցինք իրականացնել ամենատարբեր տեսակի ծրագրեր, շարունակվեց համագործակցությունը պետական կառույցների հետ՝ Սպորտի և երիտասարդության հարցերի, Մշակույթի նախարարության: Ներկայումս բացի երիտասարդական նախագծերից, ինչպես օրինակ, սեմինարներ, ուսումնական նախագծեր, իրականացնում ենք նաև համացանցային երկու տեղեկատվական նախագիծ, որոնցից մեկը «Էկոնյուզ» բնապահպանական ծրագիրն է:

Այն սկիզբ է առել դեռևս 2010 թվականին, երբ մենք սկսեցինք իրականացնել «էկո ապրելակերպ» նախագիծը և ձևավորեցինք կազմակերպության համանուն արշավային ակումբն Էդգար Նավասարդյանի ղեկավարությամբ։

«էկո ապրելակերպ» ծրագրի շրջանակներում իրականացրեցինք նաև «Էկո լրագրություն» բնապահպանական թեմաներով աշխատանքներ իրականացնող լրագրողների համար մասնագիտական դասընթացներ՝ հրավիրելով բնապահպանական ոլորտի մասնագետներին և ակտիվիստներին՝ ներկայացնելու Հայաստանին վերաբերվող բնապահպանական ռիսկերն ու առկա խնդիրները, ձևավորեցինք նաև շփման մեծ շրջանակ ակտիվ լրագորղների, մասնագետների և հետաքրքրված անձանց միջև։  

Այս ամենին հաջորդեց մեր հաջորդ նախագիծը՝ «Էկոնյուզ» բնապահպանական կայքը (econews.am), ձևավորվեց խնդիրը, հասկացանք ինչպիսի կայք ենք ուզում, և «Էկոնյուզը» դարձավ այլընտրանքային տեղեկատվական հարթակ բնապահպանական խնդիրների լուսաբանման ոլորտում:

Երկրորդ նախագիծը, որի մեկնարկը տվել ենք 2016-ի սկզբին՝ «ZinFM.am» Էլեկտրոնային ռադիոն է։ «ZinFM»-ն էլեկտրոնային ռադիո նախագիծ է զինվորի, զինվորականի ու նրանց առօրյայով ապրող բոլոր մարդկանց համար։ «ZinFM»-ը հնարավորություն է ընձեռում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բնակվող յուրաքանչյուր հայ մարդու տեղեկանալ մեր բանակի և զինվորի մասին, քաջալերել վերջիններիս և ինտերակտիվ կամուրջ ստեղծել քաղաքացիների և զինվորների միջև: Նշեմ նաև, որ կազմակերպությունն արդեն ունի իր հաստատված լոգոն»:

 

Զրույցի վերջում մեր զրուցակիցը երախտագիտությամբ նշեց, կազմակերպության համահիմնադիրների և մյուս անդամների անգնահատելի աշխատանքը, որոնք այս տարիներին կազմակերպության գործունեությանն ու պահպանմանը մեծագույն պատասխանատվությամբ են վերաբերվել. «Շատ կարևոր է խոսել այն մարդկանց մասին, ովքեր «Անկախության սերունդ» հասարակական կազմակերպության անդամներ են հանդիսացել, հաղթահարել են այն բոլոր դժվարությունները, որոնք այս տարիների ընթացքում ծառացել են մեր առջև:

Այսինքն՝ ունենալ կայուն գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություն, շատ դժվար է: Այս անդամների գործունեությունը, անմնացորդ նվիրումն իրոք անուրանալի է: Այս ամենը նվիրված, միահամուռ ու պատրաստակամ մարդկանց աշխատանքի արգասիքն է»:

Ամփոփելով զրույցը պարոն Մարկոսյանի հետ՝ այն հարցին, թե որոնք են անկախության տարիներին մեր ունեցած կարևոր ձեռքբերումները, մեր զրուցակիցը պատասխանեց.   «Ամենամեծ ձեռքբերումն այս տարիների ընթացքում մեր անկախության պահպանումն է, մենք պետք է կարողանանք այն հարատև դարձնել: Մյուս մեծագույն ձեռքբերումը, որպես բացարձակ արժեք, մեր զինված ուժերն է, որը ապահովում է ՀՀ-ի պետական սահմանների անվտանգությունը և հանդիսանում մեր երկրի լինելիության երաշխավորը»:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

 

 

 

 

 

Դիտվել է 17757անգամ
Վերջին լուրեր