22 / Սեպտեմբեր / 2020 : 17-51

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Գուրգեն Ալավերդյանին

 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն օգոստոսին և սեպտեմբերին հերթական այցերն են իրականացրել այն անձանց, որոնք պահվում են անազատության մեջ, խոսքը ղարաբաղյան հակամարտության առնչությամբ հայերի ու ադրբեջանցիների մասին է։ Այդ մասին հայտնել է  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

Նա նշեց, որ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում անազատության մեջ պահվող Հայաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։

«Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցի ժամանակ ստուգել են նրանց պահման պայմանները, տեղեկացել առողջական վիճակի մասին, հնարավորություն ընձեռել կապ հաստատել ընտանիքների հետ»,- ասաց Ամատունին։

Նրա խոսքով, որևէ տեղեկություն բովանդակային առումով, թե ինչ են տեսել, ինչպես են նրանց գտել, չեն կիսում հանրության հետ, այդ բոլորն իրենց ուշադրության կենտրոնում է։

Ադրբեջանում պահվում են Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, զինծառայող Արայիկ Ղազարյանը, Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը, Արցախի բնակիչ Արսեն Բաղդասարյանը, սպա Գուրգեն Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ սպա Գուրգեն Ալավերդյանը մարտական հենակետը ստուգելու ընթացքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով  մոլորվել է և հայտնվել Ադրբեջանի տարածքում։

Դիտվել է 55280անգամ
Վերջին լուրեր