08 / Ապրիլ / 2020 : 23-40

Տավուշի «Մակարավանք»ը. Ավանդություն 

Հայ մշակույթի նշանավոր պատմաճարտարապետական արժեք  ունեցող վանական համալիր։

Հեղինակ՝ Մարիա Մարկոսյան 

Ավանդություն 

Մակար վարպետը եկեղեցու քարերն էր կանգնեցնում։ Իր միակ որդին տաշում էր, նախշազարդում, իսկ նա շարում էր վարպետորեն։ Այսպիսով, ամեն օր քրտնաջան աշխատում, կառուցում էին, եւ դեպի երկինք էր խոյանում վանքի պատերը՝ օրեցօր ավելի բարձրանալով։ Վարպետ Մակարը վերեւում, կիսավարտ պատերի վրա էր գիշերում՝ կտրվելով հողից ու մարդկանցից, մինչեւ կկառուցեին ու կավարտեին շինությունը։ Բայց հանկարծ, օրերից մի օր նա զարմացած նկատում է, թե քարերի վրայի զարդանախշերը տարբեր են, իսկ քարերը իրար չեն համապատասխանում։ Բարձունքից հարցնում է՝ ի՞նչ է պատահել որդի, ինչո՞ւ նույնը չեն այլեւս զարդաքանդակները ու քարեր։ Սակայն նա որդու ձայնը չի լսում. նրան պատասխանում են, որ նա հիվանդ է...
Մի՞թե իր զավակը այլեւս չկա... Նա հասկանալով որդու կորուստը, ցած է նետվում վանքի գագաթից ու մահանում է։ Այսպիսով, Մակար անունով վարպետին թաղում են վանքի պատի տակ եւ նրա հիշատակին նվիրված՝ Մակարավանք են անվանում Սուրբ Տաճարը։

Միջնադարյան Հայաստանի ճարտարապետական նշանավոր արժեք ունեցող համալիրներից է Մակարավանքը, կառուցվել է 10-13րդ դարերում։ Գտնվում է Տավուշի մարզում (Աչաջուր գյուղ), Երևանից 150 կմ հեռավորության վրա, Պայտաթափ լեռան գագաթին:
Բաղկացած է գլխավոր ու հին եկեղեցիներից, նշխարատնից, գավթից, մատուռից։ Բակում կա աղբյուր, երկու գերեզմանոց, օժանդակ շինություններ, ինչպես նաև Ս. Աստվածածին եկեղեցին (1198)՝ կից փոքրիկ, կիսավեր բազմերանգ քարերով կառուցված մատուռով։
Վանական համալիրը շրջապատված է պարիսպներով եւ ունի գեղեցիկ կամարակապ դարպաս։

Նախկինում Մակարավանք գնալը եղել է դժվարանցանելի։ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի (3կմ հարավ-արևմուտք) նորակառույց ճանապարհներով սակայն, այժմ կարելի է հասնել կարճ ժամանակում։ Դյուրին է դարձել ուխտի եւ զբոսաշրջության այցելությունները դեպի պատմական վանք։

Քանդականախշերի նրբությամբ ու կատարելությամբ, հարդարանքի ինքնատիպությամբ, ճարտարապետական կառուցվածքների ու բնության ներդաշնակությանբ Մակարավանքը
հայ մշակույթի նշանավոր պատմաճարտարապետական արժեք  ունեցող ժառանգություն է։

Author's cover photo
Ամսաթիվ 08 / Ապրիլ / 2020 : 23-40
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 44986անգամ
Վերջին լուրեր