Քրեակատարողական ծառայության կամավորական համահավաք վաշտը մեկնեց ռազմաճակատ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՔԿԾ կամավորական համահավաք վաշտի՝ ռազմաճակատ ճանապարհելու միջոցառումը։ Այս մասին հայտնում են ԱՆ լրատվական ծառայությունից:
Նախարար Բադասյանը նշել է, որ բոլորը գիտեն, թե ինչ մարտահրավեր է նետված Հայաստանի Հանրապետությանը։
«Մենք գործ ունենք պանթուրքական նոր ծրագրի հետ, գործ ունենք պատերազմական գործողություններում ահաբեկիչ վարձկանների ներգրավման հետ, որոնք դեմ են առել քաջարի հայ զինվորի հաղթական դիմադրությանը: Վստահ եմ նաև, որ բոլորդ գիտակցում եք՝ մեր հայրենիքի ապագան միայն մեր ձեռքերում է, և միայն մենք ենք կարողանալու մեր հայրենիքը պաշտպանել թշնամուց»:




Ռուստամ Բադասյանը բոլորին մաղթել է անփորձանք ու հաղթական վերադարձ՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի Հանրապետության և հանուն հայ ազգի: