Ուզում եմ գաղութում հայ մնանք. Մայք Սարյան

«Մենք պետք է այնպես ապրենք, որ սփյուռքում էլ գալիք սերունդները իմանան մեր լեզուն, մեր պատմությունը, պահպանեն մեր կրոնը»,- այս մտահոգությամբ է կիսվում մեր զրուցակից Primehealthcare ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար:
Մայք Սարյանը, ով ծնվելով Լիբանանում, այնուհետև տեղափոխվելով և շուրջ 41 տարի ապրելով ԱՄՆ-ում, իր կարևորագույն և առաջնային խնդիրն է համարում արժանապատիվ հայ լինելը:

«Մեր ընտանիքը սկիզբ է առնում Ադանայից: Մեծ հայրս ծնվել է Ադանայում, ցեղասպանության տարիներին 4 տարի ապրել են Դեր Զորում, հետո նորից հետ վերադարձել Ադանա, որտեղ 1921 թվականին ծնվել է հայրս: Իսկ Լիբանանում, որտեղ հորս ընտանիքը տեղափոխվել է 1922 թվականին, և որտեղ ծնվել եմ ես, մենք ապրեցինք մինչև 1976 թվականը, որից հետո արդեն ընտանիքով՝ հայրս, մայրս, եղբայրս և երկու քույրերս, հաստատվեցինք Ամերիկայում»,- պատմում է պրն. Սարյանը:
Խոսելով ընտանիքի մասին՝ պրն. Սարյանը անդրադառնում է հոր կերպարին և այն արժեքներին, որոնք ժառանգել է հայրիկից:
«Հայրս շատ պարզ ու համեստ մարդ էր: Իր համար կարևոր արժեքներ կային, որոնցով էլ առաջնորդվում էր: Ամեն մարդ ուզում է հաջողության հասնել, բայց հայրս կարևորում էր իր զավակների հաջողոթյունը և ամեն բան անում դրա համար, ես էլ իր պես այսօր շատ եմ ուզում, որ աղջիկս ավելի լավը լինի, քան՝ ես, եկող սերունդն ավելի լավը լինի, քան՝ մենք»,- նշում է պրն. Սարյանն ու շեշտում.
«Ես առաջին գործս համարում եմ լավ հայ ու հայր լինելը, որ աղջիկս էլ լավ հայ մեծանա, հայերեն խոսի, հայոց պատմությունն իմանա: Հիմա նա հայկական դպրոց է գնում, և ինձ համար այդ փաստը շատ կարևոր է»:

Խոսելով իր համար կարևոր այս հարցերի շուրջ՝ Մայք Սարյանը ցավով նկատում է, որ սփյուռքում շատ ավելի դժվար է հայ մնալը:
«Ուզում եմ գաղութում հայ մնանք, հայ քրիտոնյա, մենք հայ եկել ենք, հայ պիտի գնանք և շատ եմ ուզում, որ չլինի տարանաջատում՝ սփյուռքահայի և Հայաստանում ապրող հայի միջև, մենք բոլորս ենք հայ, բոլորս պիտի միասնական լինենք: Հայաստանը բոլոր հայերիս հայրենիքն է», - նշում է պրն. Սարյանը:
Բարերարը նշում է, որ իր համար մեծ ուրախություն է, երբ հայը արտասահմանում լինում է պատվավոր քաղաքացի և դրանով բարձր պահում հայի անունը:
«Ցանկացած հաջողության հասնելիս ես ուրախացել եմ, որ հայրենիքից դուրս կարողանում եմ բարձր պահել հայի պատիվը, և սա անձնավորված չէ. ես նույնչափ ու ավելի ուրախանում եմ, երբ տեսնում եմ ինչ-որ հայ հաջողություն է ունենում այս կամ այն ոլորտում»,- նշում է մեր զրուցակիցը՝ նկատելով այն հանգամանքները, որոնք օգնում են դրան հասնել:

Առաջինը պրն. Սարյանի համար անկեղծությունն է և սուտ չխոսելը:
Ըստ նրա՝ այս երկու հատկանիշները կարևոր են նախ անձի համար, և հետո նաև գործնականում, երբ անհրաժեշտություն է լինում ընտրելու օգնականներ կամ աշխատակիցներ: Երկրորդ կարևոր հանգամանքը մեր զրուցակիցը համարում է աշխատասիրությունն ու տքնաջան աշխատանքը: Այսօր էլ պրն. Սարյանը շարունակում է աշխատել և մեկնել աշխատանքային շրջագությունների:
«Արդեն 35 տարի է` ես աշխատում եմ առողջապահական ոլորտում, և չի եղել մի օր, որ ես չաշխատեմ: Ամեն օր առավոտյան իննին գնում եմ աշխատավայր և մինչև երեկոյան ութը այնտեղ եմ լինում, ինչպես նաև շրջագայում եմ և հետևում մյուս քաղաքների հիվանդանոցների աշխատանքին: Իհարկե, այս ամենն ամբողջացվում է մարդու հաջողակ լինելով»,- շեշտում է պրն. Սարյանը:



Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։