10 / Ապրիլ / 2020 : 16-04

«Քո´յր իմ, ցանքին մեջ կակաչներ կան, քաղե՛.-
Ահա սիրող սիրտերու պես կարյունին...» 

Կակաչներ

Քո´յր իմ, ցանքին մեջ կակաչներ կան, քաղե՛.-
Ահա սիրող սիրտերու պես կարյունին:
Պիտի իրենց բաժակներեն բյուրեղե
Խմենք ալիքն արևին:

Անոնք ա´յնչափ բռնկեր են` որ կարծես
Հրդեհն իրենց կայրե դաշտերը անհուն:
Պիտի իրենց բաժակներեն հրակեզ
Խմենք կայծերն աստղերուն:
Քույր իմ, քաղե´, լորի մը պես ծածկված
Ցորեններուն մեջ` որ մեղմիկ կնազին:
Պիտի իրենց բաժակներեն բոսորած
Խմենք արյունն ակոսին:

Անոնք ծռած արտույտներու բույնին վրա
Լալ շողերով ողկույզ-ողկույզ կծփան:
Պիտի իրենց բաժակներեն հակընթյա
Խմենք խոստումը գարնան:

 

Քաղե´, քո´ւյր իմ, կակաչ չէ, բո՛ց քաղե դուն.
Հրդեհն իրենց լեցուր գոգնոցդ կույսի:
Պիտի իրենց բաժակներեն փափկասուն
Խմենք կրակներն Հունիսի:

Ծաղկե՛ր, ծաղկե՛ր են բերնիդ պես քնքշենի,
Կխոսակցին ցորյանին հետ օրորուն:
Պիտի իրենց բաժակներեն ծիրանի
Խմենք գաղտնիքն հասկերուն:

Քաղե´, քո´ւյր իմ, պիտի պսակվինք անոնցմով
Վաղվան զվարթ տոնին համար գյուղակին:
Եվ պիտ` այդ բաժակներեն, պարելով,
Խմենք գինին Տարփանքին:

Դանիել Վարուժան

Author's cover photo
Ամսաթիվ 10 / Ապրիլ / 2020 : 16-04
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 25372անգամ
Վերջին լուրեր