19 / Հոկտեմբեր / 2020 : 12-03

«Փաստորեն մտագարը հույսը դրել էր հայերի զենքը վերջանալու վրա․․․ և քաղաքակիրթ աշխարհի մտահոգ հայացքների ուղեկցությամբ կոտորեր անզեն մարդկանց». Վասակ Դարբինյան

Լրագրող Վասակ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ահագին ձեռ առանք Ալիևին՝ «էդքան զենք հայերին որտեղից» արտահայտության համար:

Բայց լրջացնեմ ու ասեմ՝ փաստորեն մտագարը հույսը դրել էր հայերի զենքը վերջանալու վրա, որ դիմադրելու հնարավորություն չունենայինք, ու մինչև ատամները զինված իր հրոսակախմբերը թուրքերի ու ահաբեկիչների աջակցությամբ և քաղաքակիրթ աշխարհի մտահոգ հայացքների ուղեկցությամբ կոտորեր անզեն մարդկանց և «ազատագրեր» Ղարաբաղը...

Ահա սա է Ալիևի դեմքը:

Այդ անմեղսունակը փաստորեն չի էլ հասկանում, թե ինչ անկեղծ խոստովանություն է արել, որը միանգամայն բավարար է՝ ոչ միայն պատկերացում կազմելու նրա մտավոր հետամնացության մակարդակի մասին, այլև մի գեղեցիկ օր Հաագայի դատարանում հայտնվելու և որպես ռազմական հանցագործ դատվելու համար:

Հընթացս ռուսական ալիքների եթերներում գիշանգղերի պես թառած զանազան քաղաքագետներ բարբաջում են 7 շրջանները հանձնելու անվիճարկելիության մասին, չհասկանալով այս պատերազմի ո՛չ շարժառիթը, ո՛չ էությունը, սակայն չմոռանալով իրենց հիացմունքը հայտնել, մասնավորապես, Ալիևի ռուսերենի վարժ իմացության ու որ ամենացնցողն է՝ «ինտելեկտի» վերաբերյալ, զուգահեռաբար չթաքցնելով քամահրանքը Փաշինյանի նկատմամբ, քանի որ նրա ռուսերենը մի տեսակ աղքատ է...

Ինձ մնում է եզրակացնել, որ մեծապետական շովինիզմի օրրան Ռուսաստանը ներկայացնող քաղաքագետներին շատ ավելի հոգեհարազատ են ռուսերեն վարժ խոսող «ինտելեկտուալ» բորենիները, քան հանուն քաղաքակրթության արժեքների մարտնչող և գոյաբանական պայքար մղող ժողովուրդները»:

 

 

Դիտվել է 107381անգամ
Վերջին լուրեր