Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Հոկտեմբեր / 2020 : 12-42

«Ինքն իր գենով Մոնթե էր».  ռազմական բժիշկ Հարութ Չոբանյանի մասին

Արցախի դեմ ադրբեջանաթուրքական սանձազերծած ահաբեկչական պատերազմի ժամանակ իր մասնագիտական պարտքը կատարելիս նահատակվեց նաև ռազմական բժիշկ Հարութ Չոբանյանը։

Բազում երազանքներ ուներ մեր հերոս բժիշկը՝ ուզում էր բնակարան գնել Երևանում (քանի որ վարձով էր բնակվում), վերանորոգել Իջևանի  հայրական տունը։ Նրա համար ամենաթանկ տեղն իր  հարազատ Այգեհովիտն էր: Ամառները, արձակուրդի առաջին օրվանից մինչև վերջին օրը, նախընտրում էր հանգստանալ միայն իր սիրելի գյուղում, որտեղից  էլ 3-րդ դասարանում սովորող տղան  տեղափոխվել էր այլ բնակավայր:

«Ամբողջ դասարանը լացում էր, որովհետև նա մեր դասարանի ամենախելացի տղան էր»: Ահա այսպես ճանապարհել են Այգեհովիտի դպրոցի սաներն իրենց համադասարանցուն: Ռազմական բժշկի մասին խոսելիս նրա համադասարանցի Նունեն մտաբերում է, որ դպրոցական տարիներին Հարութը շատ զուսպ ու շատ խելացի աշակերտ էր.

«Նա շատ լավ էր սովորում, բոլոր ուսուցիչները նրան շատ էին սիրում, միշտ նստում էր առաջին նստարանին, նա իր նպատակներից էն ժամանակ չէր խոսում, քանի որ  շատ զուսպ էր»:

Գյուղում Հարութն աչքի էր ընկնում ոչ միայն զսպվածությամբ, բարությամբ, այլ՝ որպես պատվախնդիր, հոգով ազնիվ, ներքին դաստիարակություն ունեցող մարդ:

 «Հարությունն այն տեսակն էր, ով ձգտում էր ամուր լինել ո՛չ միայն ֆիզիկական, այլև հոգու ողնաշարով՝ պատվախնդրությամբ»,- Medifield-ի հետ զրույցում նշում  է Հարութի համագյուղացի Վահե Առուստամյանը:
«Կյանքեր փրկողը սուրբ երդում ուներ ցավը բուժողի. իր կյանքն էլ թողեց հանուն  նոր կյանքի»: Սա համագյուղացի Վահե Առուստամյանի արձագանքն էր ռազմական բժիշկ Հարություն Չոբանյանի սխրանքին,  ով պատերազմի լուրն առնելուն պես կնոջը կարգադրել էր պատրաստել դաշտային պայուսակը, որ   մեկնի Արցախ։  

«Նախարարությունից ասել էին՝ սպասեք, երբ կզանգենք՝ կգաք։ Բայց ինքը չէր դիմանում, ասում էր՝ զինվորներիս ոչ մեկ չի կարող ինձ պես լավ նայել, ես իմ գործը լավ գիտեմ, ժամ առաջ պետք է գնամ։ Երեք օր շարունակ այնքան զանգեց ու գնաց տարբեր կազմակերպություններ՝ մինչև հրամանը ուղարկեցին, որ հոկտեմբերի 1-ին կարող է գնալ իր նույն տեղը՝ Հադրութ»,- պատմում է հերոս բժշկի կինը։

Կնոջ՝ Արմինե Եղիազարյանի խոսքերով՝ իրենց ընտանիքը 3 տարի ապրել է Հադրութ քաղաքում։ Տեղի զորամասում ամուսինն աշխատում էր  որպես ռազմական բժիշկ.

«Այնքան նվիրված էր իր գործին, որ աշխատանքային ժամն ավարտելուց հետո մի քանի ժամ էլ էր աշխատում։ Եթե բուժկետում դեղ չէր լինում, ինքն իր անձնական միջոցներով էր դեղը գնում և տալիս զինվորին»։

Ռազմական բժիշկն  իդեալական ամուսին էր, իդեալական հայր, որդի ու ընկեր։ «Սեպտեմբերի 30-ին իր սիրելի աղջկա՝ Սառայի ծնունդը նշեցինք ու գնաց։ Չնայած ծննդյան ընթացքում միայն ֆիզիկապես էր մեր հետ։ Հոգով-սրտով իր զինվորների ու ծառայակից ընկերների հետ էր»,- պատմում է տիկին Արմինեն՝ հավելելով, որ ճանապարհել են շատ ուրախ, որովհետև գիտեին, որ գնում է հարյուրավոր կյանքեր փրկելու:

Ընկերների պատմելով՝ դեպքից մեկ օր առաջ զգուշացրել էին, որ իր տեղը վտանգավոր է, բայց նա չի թողել վիրավորներին, վերջին պահին էլ ահազանգ է ստացել ու նորից գնացել վիրավորի հետևից, բայց այդ մի կյանքն այլևս չի հասցրել փրկել...

«Հարութը շատ էր սիրում կյանքը, վայելում էր ամեն մի ժամը։ Իր էությամբ ուրախ էր, սիրում է երգ, ուրախություն, խնջույքներ։  Այնքան ուրախ կյանք է մեզ տվել, որ հիմա, երբ նկարներին եմ նայում, ժպտում եմ, ոչ թե տխրում»,-անկեղծանում է Արմինեն։

«Բայց ամեն ինչից առավել սիրում էր իր հայրենիքը. հայրենիքի  քաղցրությունը զգում էր մարմնի ամեն մի բջջիջով: Երբ տեղափոխվեցինք Հադրութից, պետությունից անգամ տան վարձի գումար չուզեց։ Ասում էր՝ մենք ամեն մեկս մեր մեջ պետք է հեղափոխություն անենք ու էս երկիրը երկիր սարքենք»։

Հայրենիքի, հայկական օջախի և այլ բազմաթիվ ցանկությունների թվում անկատար մնաց նաև Հարութի բազմազավակ ընտանիք ունենալու երազանքը:

«Իր ամենամեծ երազանքը շա՜տ երեխաներ ունենալն էր։ Ասում էր՝ մենք քիչ ենք, պետք է շատ երեխաներ ունենանք՝  ամենաքիչը հինգը»։

Արմինեն մեծ հպարտությամբ  նշում է, որ  եղել է, կա ու միշտ կլինի անմահ հերոս բժշկի կինը, նրա երկու երեխաների մայրը. «Հենց այդ միտքն է ինձ պարտավորեցնում  ուժեղ լինել, անել ամեն ինչ՝ արժանի լինելու նրա կինը լինելու կոչմանը»։

Աննա Ավետյան

Author's cover photo
Ամսաթիվ 22 / Հոկտեմբեր / 2020 : 12-42
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 275759անգամ
Վերջին լուրեր