Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Հոկտեմբեր / 2020 : 22-11

«Իսկ ես կասեմ, որ «մի ձեռը ծափ կտա» և «մի ծաղկով գարուն կգա». Գեւորգ Մարզպետունի մաս 1

Մուրացան 

Մի քանի օր էր ինչ Գևորգ Մարզպետունին և Վահրամ սեպուհը վերադարձել էին Գառնի։ Նրանց առաքելությունը, ինչպես իմացանք, ապարդյուն էր անցել։ Ո՛չ Աբաս արքաեղբայրը, ո՛չ Աշոտ սպարապետը, ո՛չ Գագիկ Արծրունին չէին կամեցել միության մեջ մտնել։ Աղձնյաց ու Մոկաց տերերն էլ՝ նրանց նայելով՝ մնացել էին ձեռնպահ։

Ի՞նչ պետք էր անել այժմ։

Այս մասին էր մտածում իշխ․ Մարզպետունին, երբ լուր հասավ, թե Բեշիրը Բյուրականն առել, ավերել և բնակիչներին սրի է անցրել։

Այդ լուրը ծանր տպավորություն արավ իշխանի վրա։

Ուրեմն ավերումն սկսավ և մենք չկարողացանք դրա առաջն առնել․․․— մտածեց նա և խորը հառաչեց։

Դղյակի լուռ և մենավոր մի առանձնարանում ճեմում էր նա տխուր և մտախոհ։ Հիշում էր մի քանի ամսից ի վեր յուր գործ դրած ջանքերը, անխոնջ աշխատությունները՝ բաժանված ու պառակտված ուժերը միացնելու, երկիրը օտարի բռնությունից, իսկ գահը կործանումից ազատելու համար․․․ հիշում էր նաև յուր կրած անհաջողությունները, և հուսահատությունը պաշարում էր նրան։

Բայց չէ՞ որ այդ զգացմունքն անծանոթ էր մինչև այդ Մարզպետունի իշխանին։ Չէ՞ որ նա հավատում էր Քրիստոսի այն խոսքին, թե «որ հայցե՝ գտանե, որ բախե՝ բացցի նմա․․․»։ Իսկ ինքը շարունակ հայցեց և սակայն, ոչինչ գտավ, բոլորի դուռը բախեց և ոչ ոք բացավ նրան․․․

«Ուրեմն աստված կամենում է, որ այս ազգը կորչի, որ նրա հիշատակը երկրի երեսից ջնջվի․․․ Այո՛, և այդ է պատճառը, որ նա իշխանների սիրտը կարծրացրել, թագավորին մոլորեցրել, թագուհուն վհատեցրել է․․․ Թողնենք ուրեմն ամեն ինչ բախտի կամքին, հեռանանք, քաշվենք մենք էլ մի անկյուն և տեսնենք, թե աստված ինչպե՞ս է պատժում այս ապաբախտ ու նահատակ ժողովրդին․․․»։

Այս հուսահատ մտքերի մեջ էր իշխանը, երբ սեպուհը մտնելով՝ հայտնեց նրան մի ուրիշ նորություն։

Մուրացան 

— Սյունիքից դարձող մի զինվոր տխուր լուր է բերել մեզ, — ասաց նա Մարզպետունուն։

— Տարօրինակ կլիներ, եթե ուրախ լուր բերեր, որովհետև չենք սպասում նրան, — նկատեց իշխանը տխուր ժպտալով․ — ի՞նչ է հայտնում զինվորը։

— Թագավորը Կաքավաբերդից հեռանալով՝ եկել, նստել է Սևան․․․

— Սևա՞ն, — զարմանալով հարցրեց Մարզպետունին։

— Այո՛, Սևան, և որոշել է չելնել այլևս այնտեղից։

— Իսկ թագուհի՞ն։

— Նա էլ թագավորի հետ է։

Իշխանը, որ մինչև այն նստած էր աթոռի վրա, վեր կացավ տեղից և սկսավ անցուդարձ անել սենյակի մեջ։ Նա ոչինչ չէր խոսում, բայց դեմքն արտահայտում էր հուզում և վրդովմունք։

Երկար անխոս ճեմելուց ետ նա կանգ առավ հանկարծ սենյակի մեջ և աչքերը սեպուհի վրա սևեռելով՝ հարցրեց․

— Վա՛հրամ, ի՞նչ ես մտածում այժմ անելու։

Սեպուհը չպատասխանեց, նա միայն ուսերը շարժեց։

— Ի՞նչ ես մտածում անելու․ պատասխանի՛ր, — կրկնեց իշխանը։

— Եթե զորք ունենայինք, եթե իշխաններից գոնե մի երկուսը միանային․․․

— Զորք չունինք, և իշխանները չեն միանում․․․ այդ արդեն գիտենք․․․ Ուրիշ ի՞նչ գիտես, ա՛յն ասա։

— Էլ ուրիշ ի՞նչ ասեմ, մենք միայնակ ենք, «Մի ձեռը ծափ չի տալ», «մի ծաղկով գարուն չի գալ»։

Իշխանը մի քայլ առաջ անցավ, ձեռքը դրավ սրին և գլուխը վեր բարձրացնելով՝ հպարտ-հպարտ նայեց սեպուհի վրա։

— Էլ ուրիշ ոչինչ չե՞ս կարող ասել, — հարցրեց նա կրկին։

— Ոչինչ, — պատասխանեց սեպուհը։

— Իսկ ես կասեմ, որ «մի ձեռը ծափ կտա» և «մի ծաղկով գարուն կգա»։

Սեպուհը ժպտաց։

Նկար՝ Կաքավաբերդ, Արարատի մարզ 

— Անկարելի է, տեր Մարզպետունի։

— Հաստատուն կամքի և անձնվեր աշխատության առաջ անկարելի ոչինչ չկա։

— Մենք ամեն բան արինք և սակայն չշահեցանք ոչինչ։

— Մենք երկուսս միասին, այո՛, ամեն բան արինք․ բայց ես, Մարզպետունի իշխանս, ամեն բան չարի, ես դեռ ուրիշ պարտք ունիմ կատարելու։

— Ի՞նչ է մնում քեզ այլևս անելու։

— Այդ մասին կհայտնեմ ես վաղը, հրապարակավ, բոլոր ամրոցական զորքերի և Գառնիին ապաստանող իշխանազունների առաջ։

Սեպուհը, ճանաչելով իշխանի բնավորությունը, հետամուտ չեղավ ավելի հարցուփորձելու․ բայց հետաքրքրությամբ սպասում էր նրա վաղվա հայտարարության։

Հետևյալ առավոտ, իշխանի հրամանով, ժողովվեցան Տրդատա հովանոցի առաջ Գառնիում գտնվող բոլոր զորքերը՝ իրանց պետերով ու առաջնորդներով։ Այստեղ հավաքվեցավ և Գառնո ժողովուրդը յուր հոգևորականներով։ Եկան և բազմեցին հովանոցում նաև դղյակի իշխանազուն տիկնայքն ու երիտասարդները։ Միով բանիվ, Գառնին ամբողջապես ամփոփվեցավ արքայաշեն հովանոցի առաջ գտնվող հրապարակում, իսկ դղյակը՝ հովանոցի մեջ։

Մարզպետունի Գևորգ իշխանը հագած էր այդ օրը տոնական զգեստ և զրահավորված ամբողջապես։ Նա ծածկած էր պողպատյա, արծաթազարդ սաղավարտ, սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով, հագած էր պողպատյա վերտ, պղնձյա, փայլուն լանջապանակով և նույնպիսի բազպաններով, սրունքներին ամրացրած երկաթահյուս զանկապաններ և ոտքերին կարմիր, երկաթագամ կոշիկ։ Ծանր, ոսկեպատ սուրը, որ քարշ էր ընկած նրա կողքից, լրացնում էր իշխանի զինվորական զարդարանքը։ Եվ այդ ամենի մեջ նրա բարձր ու թիկնավետ հասակը՝ գեղեցիկ և պատկառելի դեմքով, իմաստուն և թափանցող հայացքով, հպարտ և շնորհալի շարժվածքով երևում էր ավելի հրապուրիչ՝ քան ուրիշ օրերն առհասարակ։

Երբ ամենքը իրանց տեղերը բռնեցին, իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և աստիճաններից վերնագունի վրա կանգնելով, բարձր ու խրոխտ ձայնով խոսեց․.. 

Շարունակելի... 

Մուրացան

«Գևորգ Մարզպետունի»

Մաս Ե, «Հերոսի որոշումը» 

 

Author's cover photo
Ամսաթիվ 22 / Հոկտեմբեր / 2020 : 22-11
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 130059անգամ
Վերջին լուրեր