60-ամյա կնոջ դիակը կորել է. հարազատները մեղադրում են պատկան մարմիններին
Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի բնակչուհի՝ 60-ամյա Մարիամ Գևորգյանը մահացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ու քանի որ նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նրան տեղափոխել են Աբովյանի դիահերձարան, որտեղից էլ հարազատները պետք է նշանակված ժամին վերցնեին դիակը և հուղարկավորեին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Մահացածի ամուսինը սահմանված ժամին եղել է դիահերձարանում, և երբ մտել է դիակի ճանաչման, պարզվել է, որ իր կինը չէ:
Ինչպես հայտնում է աղբյուրը, հարազատները նայել են բոլոր մահածացներին թե՛ Աբովյանի դիահերձարանում, թե՛ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, սակայն չեն գտել:
Թղթակցի հետ զրույցում մահացածի դուստրը՝ Սեդա Ստեփանյանը, ասաց. «Երեկ պետք է մեր մայրիկին բերեինք և հուղարկավորեինք, գերեզմանոցում տեղը փորված էր, քահանայի հետ՝ պայմանավորված: Հայրիկիս հետ գնացինք, որ դիակը փակ դագաղով վերցնենք, պարզվեց, որ մեր մայրը չէ: Գնացինք Մասիվի հիվանդանոց, որտեղ գտանք այն վարորդին, ով երկու դիակ, որոնցից մեկը, հավանաբար, մեր մայրն է եղել, տեղափոխել է Աբովյանի մորգ: Վերջինս պնդեց, որ մեքենայով նա տեղափոխել է մորգ, որտեղ հանձնել է աշխատակիցներին և վերջ, իսկ թե թղթի գրված անձինք են եղել, թե ոչ, նա չգիտի: Այսպես փնտրեցինք Երևանի գրեթե բոլոր մորգերում, սգո սրահներում, բայց ապարդյուն: Մորգում մի այնպիսի հակասանիտարական, ահասարսուռ վիճակ է տիրում, որ խոսքերով անգամ չեմ կարող նկարագրել: Այս ու այն կողմ, գետնի վրա դիակներ են, արյուն, պարկեր, առանց ոչ մի գրառման: Աշխատում են երկու երիտասարդ, ովքեր ուղղակի չեն կարող այդ ծանր գործը հավուր պատշաճի կատարել:
Դիմում ենք այն մարդկանց, ովքեր մորգերից դիակ են վերցնում՝ անպայման ճանաչե՛ք ձեր հարազատին, նոր վերցրեք: Մենք էլ պահանջում ենք, որ գտնեն մեր դիակը, որտեղից էլ ուզում է, լինի և մեզ հանձնեն, որ հուղարկավորենք»: