Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Ապրիլ / 2020 : 23-08

«հյուրասեր, ազնիվ եւ հայտնի իրենց անկեղծությամբ». Արծվաբերդ, Տավուշ

Հեղինակ՝ Մարիա Մարկոսյան

«Տանիցը տյուս կյալի չի #կարանտին... »

Արծվաբերդ գյուղի դիմատետրի էջում իրենց անուշ բարբառով գրված այս տողերին հանդիպեցի... սիրեցի... մեր լեզվի հարստություններն են բարբառները հայոց։
Գարնանային այս պայծառ օրերին, երբ դեռ չի նահանջել ցուրտը ու անպետք «Կորոնան» գահընկեց չի եղել, տանը նստած՝ ժամանցներից մեկն էլ համացանցն է համայն աշխարհում։
«Արծվաբերդ» էջի հրապարակած տեսանյութը՝ տարբերվող, բուրավետ, համով-հոտով. (տեսանյութը՝ ստորեւ)

Հաց կթխեմ, գարի ա,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Էս ինչ դժար տարի ա,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ: Կրակը թռավ քարից,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Ես կմեռնեմ քո դարդից,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի ամենամեծ բնակավայրերից մեկն է Արծվաբերդը, որտեղ եղանակը բարենպաստ է, բերքը առատ, իսկ բնակիչները՝ հյուրասեր, ազնիվ եւ հայտնի իրենց անկեղծությամբ, միամտությամբ, բայց եւ նվաճողական կեցվածքով՝ արծվի պես։
Սահմանամերձ այս բնակավայրը հիմնվել է Ղարաբաղի Ղարաղալու գյուղից եկած տեղահանվածների կողմից: Նախկինում կոչվել է Ղարաբաղայա, Ղրղի (բազեների ցեղին պատկանող գիշատիչ թռչուն)։ Մեծերից մեզ է հասել ավանդույթ դարձած իրական մի պատմություն, համաձայն որի գյուղը նախկինում կոչվել է նաեւ Տղատես. ժամանակին Արծվաբերդը տեղակայված է եղել լեռան ստորոտում։ Դարեր առաջ Ներքին շեն կոչվող այդ վայրում հիվանդություններ են տարածվել եւ մահացել են երեխաներ՝ հատկապես տղա զավակները։ Մարդիկ սկսել են նոր բնակավայր փնտրել, եւ ահա նրանցից մեկը անասունի ետեւից բարձրանալով սարը՝ տեսել է մի սառնորակ աղբյուր։ Տեղափոխվել են ընտանիքով նոր բնակավայր, տուն կառուցել, արու զավակ ունեցել, ապա նրանց հետեւելով՝ կամաց-կամաց ուրիշ ընտանիքներ եւս հաստատվել են այնտեղ եւ գյուղը անվանել՝ Տղատես։

Արծվաբերդ է կոչվել 1978 թվականից։ Սահմանամերձ Արծվաբերդը իր անվան ծագումը ստացել է դարեր շարունակ մահմեդականներից՝ ի՛ր սեփական հողի վրա, ի՛ր իրավունքը պաշտպանելու համար։
Արծվաբերդցիները՝ պայքարող ու քաջ, ինքնատիպ ու տաքարյուն, արծվին՝ բազեին հատուկ բնավորությամբ պաշտպանել են իրենց հայրենի պատմական հողերը։ Համաձայն տեղեկությունների, իբրեւ բնակավայր Արծվաբերդը գոյություն է ունեցել 1810 թվականից եւ առաջին անգամ որպես համայնք հրամանագրվել է 1853ին։
Հեռավորությունը Երևանից 219 կմ է, իսկ Բերդից՝ 8կմ։ Գյուղի տարածքը հարուստ է պատմամշակութային շինություններով, կոթողներով։ Ձորալանջին կանգուն է Սուրբ Զորավոր փոքրիկ եկեղեցին։ Պահպանվել են Մասմալու կոչված վայրում՝ հին բերդի եւ Սեպռիկ ղալա կոչված տեղանքում՝ Կիկլոպյան բերդի ավերակներ ու փլատակներ, խաչքարեր, ինչպես նաև Ս. Աստվածածին եկեղեցին XIXդ., (կիսավեր վիճակում)։

Ծով ա դառե մեր դաշտը,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Լիքը հաց ա մեր տաշտը,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ: Հաց եմ թխել մշակին,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Հոտ քաշել մանիշակին,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

Բնակչությունը զբաղվում է հողագործությամբ, այգեգործությամբ, բուսաբուծությամբ, անասնապահությամբ:
Գյուղում կա մանկապարտեզ, երկու դպրոց, գրադարան, մշակույթի տուն, բժշկական հաստատություն, հյուրանոց, առևտրի և սպասարկման կենտրոններ։
Ծիլի ծով կոչված վայրում է գտնվում ջրամբարը, որը մատակարարում է նաեւ շրջակա բնակավայրերի հողատարածքներին։ Արծվաբերդի բնությունը՝ չքնաղագեղ, մարդիկ՝ աշխատող ու արարող։ Ընտանիքի ամրության եւ երջանկության հիմքն են համարում հարգանքը, սերը եւ արծվաբերդցուն բնորոշ աշխատասիրությունը, հումորն ու ներողամտություն։ Պահպանում են ավանդույթները եւ իրենց պապերի խորհուրդները. «Մեծ բաժինը ընկերոջդ, քիչը քեզ, ու քո քիչը ավելի շատ կլինի վաղը»։ Խոհանոցը հայտնի է «Ջրի փթռուկ» կոչվող շատ պարզ, բայց համեղ ճաշատեսակով։
Արծվաբերդցիները մի երազանք էլ ունեն՝ պատերազմը չլինի եւ մեր երեխեքը, նրանց երեխեքը թոռներն ու ծոռները կապույտ երկնքի տակ խաղաղ ապրեն...

Հաց եմ թխել մշակին,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Ետ եմ նստել դոշակին,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
Երեսիդ կարոտել եմ,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Ոնց որ վարդ մանիշակին,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
Հաց կթխեմ, գարի ա,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,

Երգը՝ «Հաց կթխեմ, գարի ա», երգում է Մարինե Մկրտչյանը
Author's cover photo
Ամսաթիվ 10 / Ապրիլ / 2020 : 23-08
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 142885անգամ
Վերջին լուրեր