Ճիշտ, թե՞ սխալ. ե՞րբ ներկել Զատկական հավկիթը
Սուրբ Հարության տոնի ավանդական տոնակատարության մասին խորհուրդներ քահանայից
Զատկական հավկիթը (կարմիր ձու) Հարության տոնի խորհրդանիշն է։ Ձուն ինքնին նոր կյանքի աղբյուր է, ապա նաեւ իր ձեւով պատկերում է մեր երկիրը, որը ներկվել է Տեր Հիսուսի կարմիր արյամբ` թափված մեր փրկության համար։
Փրկչի թափած արյունը, թե՛ ողջերիս համար է, եւ թե՛ հատկապես ննջեցյալների համար, ուրեմն ՍԽԱԼ Է նոր ննջեցյալ ունեցող ընտանիքում ձու չներկելը։
Քանի որ հավկիթը Հարության խորհրդանիշն է, ՍԽԱԼ Է նաեւ այն Ավագ Հինգշաբթի կամ Ուրբաթ օրը ներկելը, քանի որ ծիսականորեն Հիսուս դեռ Հարություն չի առել։ Մյուս կողմից նաեւ պետք չէ պահքը խախտել` հինգշաբթի կամ ուրբաթ օրը ձու ճաշակելով։ Սովորաբար կարմիր ձուն ներկում են շաբաթ օրը` Ճրագալույցից առաջ։
Չհիմնավորված սովորություն կա՝ Ավագ Հինգշաբթի չներկել հավկիթները, այլ միայն խաշել։ Մեկ այլ անհասկանալի սովորությամբ ոմանք մինչեւ Զատիկ ներկում են ընտանիքի անդամների թվով ձվեր։ Դարձյալ ՍԽԱԼ Է նույն` վերեւում բերված հիմնավորումներով։
Մինչեւ շաբաթ երեկո` մոտավոր 18:00, երբ ծիսականորեն օրը համարվում է փոխված եւ մատուցվում է Ճրագալույցի Զատկական պատարագ, ՍԽԱԼ Է մարդկանց շնորհավորել Սուրբ Հարության առթիվ, առավել եւս ուղարկել անշունչ-անհոգի համացանցային վիրուս-բացիկներ։
Սուրբ Հարության տոնին եւ հաջորդող 50 օրերին քրիստոնյա հայերս ողջունում ենք իրար` «ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ» (Քրիստոս հարություն առավ մեռյալներից) ավետիսով, որին պետք է պատասխանել` «ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ» (Օրհնյալ է Քրիստոսի հարությունը): ՍԽԱԼ Է պատասխանել` «Ձերն էլ շնորհավոր» կամ նման այլ տարբերակներով:
Սուրբ Հարության տոնի հրաշքն ու զորությունը սահմանափակել բացառաբար հավկթախաղով կամ ավանդապահությամբ եւ որպես քրիստոնյա չխորանալ տոնի հոգեւոր եւ փրկչական խորհուրդի մեջ` ամենամեծ ՍԽԱԼՆ Է. Սուրբ Գիրքն ասում է. «Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց. մաքրեցե՛ք, դե՛ն նետեցեք հին մարդուն, որպեսզի նոր արարած լինեք, առանց մեղքերի» (հմմտ. Ա Կորնթ. 5:7)։
Տեղեկություններ՝
Սուրբ Հարության տաճար էջ, Երուսաղեմ, Իսրաել
Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։