Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Ապրիլ / 2020 : 23-39

Հայոց Եղեռն. արյունոտ «սուտը»

24 Ապրիլ 1915թ.

Մտավորականության սպանդը ծրագիր էր

 

«Մի՞թե 2 միլիոն անմեղ մարդկանց մորթը, կանանց, երեխաների, ծերերի անմարդկային կտտանքներով տարհանումը, հարյուրավոր քաղաքների ու գյուղերի ավերումը եւ նախօրոք որոշված թուրքի բոլոր դժոխային գործողությունները կմնան անպատիժ: Ինչքան էլ նրանք փորձեն թաքցնել մարդկանց զանգվածային սպանություններն ու խոշտանգումնրը, միևնույն է, նման չարագործության ճիչը երկինք կհասնի»:

Հենրի Մորգենթաու

Հայերին իրենց հայրենիքի մեջ բնաջնջելու եւ տեղահանելու Երիտթուրքական կառավարության քաղաքականությունը, սկսած Ապրիլ 24ին, շարունակություն էր, սկիզբ չէր. Համիդյան ջարդեր՝ Սասուն, Վան, Կիլիկիա, Ադանայի կոտորած, տեղական զանգվածային խոշտանգումներ... Խոսում է թուրքի ատելությունը, չարությունն ու նախանձը խաղաղասեր, բարի, ազնիվ, ավանդապաշտ, պատմություն ու մշակույթ ունեցող քրիստոնյա մի ժողովրդի հանդեպ։
Ցեղասպանությունը լավագույն միջոցն էր կասեցնելու հայ բնակչության հասարակական, մշակութային և տնտեսական զարգացումն ու վերելքը, ազգային առաջադիմությունը. լավագույն առիթ էր նաև տիրանալու հայերի հարստությանը՝ ստեղծված տասնամյակների աշխատանքով։
Եւ ահա, առաջին համաշխարհային պատերազմը Երիտթուրքերի անմարդկային այս ծրագիրը իրականացնելու ամենահարմար առիթը հանդիսացավ։

Հայ խաղաղ բնակչության կոտորածը, մեկ բառով՝ Ցեղասպանությունը, նախապես ծրագրված, հայերի կողմից ինքնապաշտպանության հնարավոր որևէ փորձ նախապես կանխված՝ սկսվեց նախ եւ առաջ Օսմանյան բանակում ծառայող ավելի քան 100 000
զինվորների զինաթափումից։ Ապա նրանց ուղարկում էին ամենածանր, հյուծալի աշխատանքներ կատարելու։ Համաձայն անգլիական դեսպանի վկայությունների՝ բացարձակ խիզախություն էին ցուցաբերում հայ զինվորները, սակայն զինաթափմանը հետեւում էր դաժան սպանությունը։

Արդեն իսկ Օսմանյան կայսրությունում հայերին արգելված էր զենք կրել, վկայություն տալ դատարանում, բայց սակայն՝ վճարել ավելի բարձր հարկեր, որպես ոչ մուսուլման։ Իսկ Երիտթուրքերի խոստացված քաղաքական բարեփոխումները, հավասարությունը, երբեք էլ չիրականացավ։ Քրիստոնյաները Համարվում էին երկրորդ կարգի քաղաքացիներ, որն էլ առաջ բերեց «Հայկական հարցը»՝ ինքնորոշում, հեղափոխություն, ինքնավարություն-ազատություն եւ հավասարության ազգային պայքար։

Վկայությունների համաձայն, 1890ականների համիդյան ջարդերին զոհ դարձան շուրջ երեք հարյուր հազար հայ։

«Սուլթանի հայ հպատակները բառացիորեն անպաշտպան են, ինչպես գայլերով շրջապատված ոչխարի հոտը»,- ասել է Քլիֆորդ Լլոյդ (Էրզրումում Մեծ Բրիտանիայի հյուպատոս, 1895թ.)

 

Հաջորդը քայլը՝ սոսկալի եւ նույնքան դաժան, հայ մտավորականության սպանդն էր։
Առկա են բազմաթիվ վկայություններ Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության դաշնակից պետությունների` Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի եւ Բուլղարիայի արխիվային փաստաթղթերում։ «Ապրիլի 24-25ին Կոստանդնուպոլսում ձերբակալվել էին 235 հայեր` կառավարող գործիչներ հասարակության լավագույն շերտերից, դրանից երեք օր առաջ սկսվել էր մտավորականության ձերբակալությունը ամբողջ Անատոլիայի տարածքում: Ձերբակալվածներից ոչ մեկի դեմ դատական գործ չհարուցվեց, նրանց մեծ մասը մահապատժի ենթարկվեց առանց դատական որոշման», - իր աշխատության մեջ նշել է Քահանա Է. Շտիրը Պոլսում, մեկ այլ՝ իր «Հայերի բնաջնջումը Թուրքիայում» աշխատության մեջ Է. Շտիրը արձանագրել է. «1915 թ. ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը Կ. Պոլսում հանկարծակի ձերբակալվեցին 600 հայ մտավորականներ (պատգամավորներ, գրողներ, հոգևորականներ, բժիշկներ և այլն), և մի քանի օր անց առանց որևէ մեղադրանքի և դատական որոշման նրանց տեղափոխեցին Փոքր Ասիայի խորքերը` Կոնիա»։ Համեմատելով
ձերբակալված հայերի թիվը՝ նա մեկ աշխատության մեջ նշել է 600, մյուսում՝ 235, նկատի ունենալով 235ը զուտ հայ պաշտոնյաների ձերբակալություն, իսկ 600ը՝ հայ մտավորականների, որոնց մեջ էին եւ հայ պաշտոնյաներ, եւ գրողներ, հոգևորականներ, լրագրողներ, բժիշկներ ու այլք:
Ձերբակալությունն ու աքսորը հատկապես կապված էր այն մտավախությամբ, որ Կ. Պոլսում էին տեղակայված եւրոպական երկրների դեսպանատները, եւ հայ մտավորականները կարող էին բողոք ներկայացնել։
Ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը Պոլսում կատարված հայ մտավորականության եղեռնի մասին պահպանված արխիվները խիստ կարեւոր եւ արժեքավոր են։ Հատկապես՝ առանց մեղադրանք ներկայացնելու եւ անմիջապես մտավորականներին մահապատժի ենթարկելու վկայությունները, ինչպես նաեւ փաստերը, որ ցեղասպանության գործընթացը սկսվել էր ավելի վաղ՝ Պոլիսի դեպքերից երեք օր առաջ. մինչեւ ապրիլի 24-ը թուրքական կառավարությունը արդեն սկսել էր իրագործել իր նախօրոք կազմած ծրագիրը: Այս իրողությունը հաստատել է նաեւ գերմանական մեկ այլ աղբյուր. «Որպեսզի մինչեւ կողոպուտը եւ ոչնչացումը հայ ժողովրդին ստիպեին լռել, արդեն ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը Կոստանդնուպոլսի հայության բոլոր հոգևոր առաջնորդներին, պատգամավորներին, քաղաքական գործիչներին, ապա գրողներին, բժիշկներին, արվեստագետներին եւ այլոց, անկախ կուսակցական ու կրոնական պատկանելությունից, ձերբակալել եւ մինչև լուսաբաց ուղարկել էին երկրի խորքերը` Անգորա (Անկարա), Կոնիա, Դիարբեքիր»:

Երիտթուրքերի որդեգրած համաթուրքական եւ համաիսլամական քաղաքականությունը՝ հսկայածավալ մի կայսրություն ստեղծել մինչեւ Չինաստան, ներառեալ Կովկաս, Միջին Ասիա՝ սկսված էր Ապրիլ 24ի երեկոյան, բայց եւ շատ ավելի առաջ։ Բոլոր քրիստոնյա ու իսլամացված այլազգի փոքրամասնությունների թրքացման ծրագրի խոչնդոտը նկատվում էր հայ բնակչությունը եւ՝ նրանց պետք է բնաջնջել, որոշեց դաժան թուրքը. «…մենք արդեն ազատվել ենք հայերի երեք քառորդից, նրանք այլևս չկան Բիթլիսում, Վանում և Էրզրումում։ Հայերի և թուրքերի միջև հիմա ատելությունն այնքան ուժեղ է, որ մենք պետք է վերջ տանք դրան։ Եթե մենք չանենք դա, նրանք վրեժ կլուծեն»,- ասել է Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթը ԱՄՆ դեսպան Մորգենթաուի հետ զրույցում։

Կարմիր կիրակի, այսպես են երբեմն կոչում Ապրիլ 24ի երեկոյան Հայ մտավորականների ձերբակալության հիշատակը՝ Հայոց Ցեղասպանութեան նախապես կազմակերպած գործողությունը։  Այդ օրը հայ ազգը անվերադարձ կորցրեց հայ մտքի ու գաղափարի հզոր մարտիկներ Գրիգոր Զոհրապին, Դանիել Վարուժանին, Սիամանթոյին, ապա Ռուբեն Զարդարյան, Արտաշես Հարությունյան, Ռուբեն Սևակ, Երուխան, Տիգրան Չոկուրջյան, Տիրան Քելեկյան, Թլկատինցի եւ այլք։

Շատ քչերը միայն, այդ թվում՝ Կոմիտասը, Վրթանես Փափազյանը, Արամ Անտոնյանը, Երվանդ Օտյանը, Թեոդիկը, Զաբել Եսայանը (ցուցակագրված միակ կին մտավորականը) եւ այլք փրկվեցին։ Նրանցից ոմանք գրեցին հուշեր ու ստեղծագործություններ տեղահանումների մասին։ Ոմանք էլ ունեցան հոգեկան ծանր ապրումներ. Կոմիտասը մինչեւ իր մահը (1935) այլեւս ի վիճակի չէր ստեղծագործելու։
Միակ արտասահմանյան երկրի դեսպանը, ով փորձել է օգտակար լինել՝ ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն էր, ով բազմաթիվ վկայություններ է թողել Հայոց եղեռնի իրականության մասին։

Ցավալի էր հատկապես, որ օտարերկրյա դիվանագետները հայ ժողովրդի բնաջնջման մասին տեղեկություններ իրենց երկիր ուղարկում էին միայն, երբ նկատում էին տվյալ երկրի տնտեսական շահերի անկում։ Ահա այսպիսի՝ «Հայերի հանդեպ չարագործությունների գրություններ» մի հաշվետվություն Հալեպում ամերիկյան հյուպատոս Ջ. Ջեկսոնի կողմից, 1915 թ. օգոստոսի 3. «Պետական թուրք պաշտոնյաները ծաղրանքով հարցնում են, թե ինչ են անելու ամերիկացիները հիմա միսիոներական հաստատությունների հետ, երբ իրենք ոչնչացնեն հայերին: Քանի որ ներքին առևտրի 90%-ը հայերի ձեռքում էր, արդյունքն այն է, որ երկիրը կանգնած է փլուզման եզրին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործարքների մեծ մասը կատարվում էր վարկով, ուստի հարյուրավոր ոչ հայ առևտրականներ կանգնած են սնանկության եզրին: Տեղահանության ենթարկված տարածքներում, մի քանի բացառությամբ, չի մնացել ոչ մի քարտաշ, կոշկակար, կավագործ, դեղագործ, բժիշկ, իրավաբան կամ որևէ ծառայող կամ առևտրական. երկիրը փաստորեն կհայտնվի անօգնական վիճակում»։

Այսպիսով, Համաձայն աղբյուրների վկայությունների, Հայոց 1915-1916 թթ. ցեղասպանության իրականացման
պետական քաղաքականության մեջ հայ մտավորականության ոչնչացման առանձին փուլ լինելու հանգամանքը հիմնավորվում է հատկապես Օսմանյան կայսրության դաշնակից երկրների արխիվային փաստաթղթերով:

Ըստ որոշ աղբյուրների, այն ծրագրվել էր դեռևս 1910-1911ին Սալոնիկում տեղի ունեցած գաղտնի ժողովի որոշմամբ։ Համաթուրքական գաղափարի իրագործման սկզբունքով՝ կայսրության տարածքում բնակվող մուսուլմաններին թրքացնել, քրիստոնյաներին բնաջնջել եւ այսպիսով վերջ դնել Հայկական հարցին։

Ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան (ներքին գործերի նախարար), էնվեր փաշան (ռազմական գործերի նախարար), Ջեմալ փաշան (Պաղեստինյան ճակատի հրամանատար) և ուրիշներ։

Թալեաթը գրել է. «Մենք ցանկանում էինք թողնել մեկ հայ` այն էլ թանգարանում: Եթե այդտեղ` ապագայում, դուք կաք եւ կարդում եք այս նամակը, նշանակում է` մենք պարտվել ենք»։

2020 թվական. Ցեղասպանության 105րդ տարելիցի կապակցությամբ աշխարհասփյուռ հայ ժողովուրդը հիշում ու պահանջում է իր արդար դատը, հայրենի հողերը եւ իր նահատակների հոգու հանգստության համար պայքար կմղի մինչեւ հաղթանակ։ Նա ով չի ընդունի Ցեղասպանությունը՝ կմնա խոնարհված արյունալի սուտին։

Մարիա Մարկոսյան 

 

 

 

Author's cover photo
Ամսաթիվ 22 / Ապրիլ / 2020 : 23-39
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 87972անգամ
Վերջին լուրեր