Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Հունիս / 2021 : 14-37

Մենք Քոչարյանին հակառակորդ չենք, մեր երկուսի պայքարն էսօրվա իշխաննությունների դեմ է․ Դավիթ Գրիգորյան

Hraparak.am-ը զրուցել է Էրեբունու նախկին թաղապետ, «Պատիվ ունեմ» դաշինքով ներկայացված թեկնածու Դավիթ Գրիգորյանի հետ։

- Մինչ 2018-ի իշխանափոխությունը, Դուք Էրեբունի վարչական շրջանի ղեկավարն էիք։ Երբ մերժեցին Սերժ Սարգսյանին ու նրա իշխանությունը, ավտոմատ Դուք էլ հայտնվեցիք մերժվածների շարքում ու ազատվեցիք թաղապետի պաշտոնից։ Կա՞ր տարբերակ՝ մնալ պաշտոնին եւ շարունակել աշխատանքն այս իշխանությունների հետ։

- Ձեր հարցին պատասխանելու համար նախ մի պատմական էքսկուրս անցկացնեմ։ Դուք ասում եք՝ 2018 թվականին ժողովուրդը մերժեց Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին։ Տեսեք, 90-ականների սկզբին, երբ սկսվեց մեր ազգային-ազատագրական պայքարը, Արցախի ազատագրական պայքարը եւ Հայաստանի Հանրապետության անկախության համար պայքարը, Հանրապետական կուսակցության հիմնադիրներն ու ՀՀԿ անդամներից շատերը մասնակցել են այդ ազատագրական շարժմանը, թե՛ պատերազմին եւ թե՛ անկախության կերտմանը։ Եվ այդ ընթացքում, անկախության ձեռքբերումից հետո, ՀՀԿ-ն առաջին կուսակցությունն էր, որը 30 տարիների ընթացքում իր առաջնորդների միջոցով ձեւավորվեց որպես լուրջ եւ կայացած կուսակցություն, որը կերտեց մեր անկախությունը, մեր ազատագրական պայքարը, բերեց-հասցրեց իր կայացման աստիճանին՝ իր բացթողումներով հանդերձ, իհարկե, ինչպես նաեւ բանակի կայացման գործում ամենամեծ ազդեցությունն է ունեցել Հանրապետական կուսակցությունը։ Եվ հիմա հարց է առաջանում՝ էդ ժողովուրդը մերժեց, ի դեմս Սերժ Սարգսյանի, Հանրապետական կուսակցությա՞նը, թե՞ մերժեց մեր 30 տարիների ձեռքբերումը, որին մենք ամբողջ ժողովրդով մասնակցություն ենք ունեցել, ունեցել ենք մեր երազած պետությունը, ի վերջո, անկախ պետություն, ունեցել ենք բանակ եւ ազատ Արցախ։

- Ամբողջ խնդիրն այն էր, որ ժողովուրդն ասում էր՝ մեր պետությունն այնքան էլ մեր երազանքների ճանապարհով չի գնում, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը ճիշտ չի կառավարում երկիրը, որ կա արտագաղթ, սոցիալական խնդիրներ, ուստի պետք է այնպիսի հզոր, ժողովրդական ուժ գա իշխանության, որ երկիրն ազատի «նախկին թալանչի, կոռումպացված ռեժիմից»։

- Վերջից գամ․ «նախկին», ի՞նչ է նշանակում այդ միֆը։ Տարիներ շարունակ մեր երկրի թշնամիները, որոնք արդեն մեր երկրում ունեին իրենց գործակալները, նրանց միջոցով այդ միֆերը տարածելով, ասում են, չէ՞, իբր 30 տարի թալանվել է երկիրը, 30 տարի սխալ է կառավարվել եւ այլն։ Հիմա ուզում եմ հարցնել՝ ժողովուրդը մերժեց ՀՀԿ-ի՞ն՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, թե՞ այդ 30 տարիների ձեռքբերումը։ Բանակ է կառուցվել, չէ՞, այդ տարիներին, ի վերջո։ Էսօր մենք չունենք այդ բանակը, կարելի է ասել, գրեթե չունենք Արցախը, վաղը երեւի չունենանք նաեւ պետություն։ Հիմա ի՞նչ դուրս եկավ, ի՞նչը մերժվեց։ Այդ միֆերը կառուցվեցին, եւ այդ միֆերի շնորհիվ ժողովուրդն ըմբոստացավ։

- Իսկ ինչո՞ւ էիք թույլ տալիս, որ այդ միֆերը կառուցվեն, ձեր իշխանության 10 տարվա ընթացքում ինչո՞ւ չէիք կոտրում այդ միֆերը, եւ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը 2018-ին թույլ տվեց, որ իրեն մերժեն, եթե լավ գիտեր, որ մերժում են ոչ թե իրեն, այլ, ինչպես Դուք եք ասում, մեր 30 տարվա պետությունը։

- Ասում եք՝ ինչու Սերժ Սարգսյանը թույլ տվեց, որ մերժեն։ Սերժ Սարգսյանը շատ լավ գիտակցում էր, թե ինչ են մերժում, ուղղակի Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի ոճի մեջ չկա բռնություն կիրառել, որն էլի միֆերի միջոցով կառուցվել էր մեր շուրջը։ Շատ բռնություններ են, չէ՞, վերագրում նաեւ Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին։ Սերժ Սարգսյանը չգնաց այդ ճանապարհով։ Մի բան ավելացնեմ՝ իմ սուբյեկտիվ կարծիքն է․ եթե մենք իմանայինք, որ էսօր մեր պետությունը, մեր երկիրն էսպիսի աղետի առջեւ կկանգնեցնեն, ես կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը քայլեր կձեռնարկեր։


- Բա ասում էին՝ Սերժ Սարգսյանը հեռատես քաղաքական գործիչ է, շատ լավ շախմատ է խաղում, կարողանում է դիմացինի քայլերը կանխատեսել, Փաշինյանի քայլը չէ՞ր կանխատեսում, ի վերջո, իր իշխանության օրոք են այդ ուժերը, Ձեր ասած՝ այդ գործակալներն աճել ու բազմացել։ Անվտանգության ծառայություններ, հազար ու մի լծակ ուներ բացահայտելու եւ կանխելու։

- Ճիշտ եք ասում, Սերժ Սարգսյանն այդ բոլոր քայլերը, իհարկե, չէր կարող մինչեւ վերջ հաշվարկել, բայց, ունենալով համապատասխան ծառայություններ, ինֆորմացիա, Սերժ Սարգսյանն էլ է մարդ, ունի բարոյական բարձր հատկանիշներ ու չէր կարող պատկերացնել, որ հնարավոր է՝ մեր ազգի մեջ լինեն այսպիսի տականքներ, որոնք կարող են տանել երկիրը կործանման։

- Փաստորեն, դուք էլ եք խաբվել։

- Միգուցե։

- Դուք «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակով մասնակցելու եք ընտրություններին։ Ինչո՞ւ որոշեցիք նորից վերադառնալ քաղաքականություն եւ ինչո՞ւ հենց այս դաշինքի շրջանակներում։

- Նախ՝ մենք մինչեւ հիմա էլ դեմ ենք, որ այս իշխանությունների հետ կարելի է գնալ ընտրությունների։ Եթե հիշում եք, մեր կուսակցությունը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, դեմ է եղել, որ այս իշխանությունների հետ գնանք ընտրությունների։ Բայց քանի որ այդ պահը հասունացավ, մենք չէինք կարող մեր ձեռքերը լվալ եւ կողքից նայել, թե ինչ է կատարվում։ Սա արդեն վերջն է։ Դրա համար մենք որոշեցինք անպայման մասնակցել, ու ես, քանի որ ՀՀԿ անդամ եմ, երբեք իմ տեսակով, իմ էությամբ դրոշ չեմ փոխել իմ կյանքում ու չեմ էլ փոխելու։ Մենք մասնակցում ենք ու անպայման հաղթելու ենք, ամեն ինչ անելու ենք, որ այսօրվա իշխանությունը հեռանա։


- Բայց Սերժ Սարգսյանի թիմակիցներից շատերն այսօր Ռոբերտ Քոչարյանի թիմում են եւ համարում են, որ նա է ընտրությունների ֆավորիտը, եւ նրան պետք է աջակցել, որ գա իշխանության։ Սա ինչպե՞ս կգնահատեք։

- Ես որեւէ մարդու անձնական որոշմանը գնահատական չեմ սիրում տալ, ես պատասխանատու եմ միայն ինձ համար։ Իհարկե, մարդիկ կարող են իրենց գաղափարներով իրենց որոշումը կայացնել՝ լինել այս կամ այն քաղաքական գործչի կողքին, առավել եւս, եթե այդ քաղաքական գործիչները ազգային գաղափարներ կրող են։ Բայց ես հպարտանում եմ, որ էսօր գտնվում եմ այդ թիմում, եւ շատ ուժեղ, կուռ, բյուրեղացած թիմ է գործում, ու ես էդ թիմի անդամ եմ։

- Դուք Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների հետ էլ հարաբերություններ, մտերմություն ունեք, առաջարկ եղե՞լ է՝ իրենց թիմում ներգրավվելու։

- Միանգամից ասեմ՝ ոչ։ Իհարկե, շատ մտերիմ ընկերներ ունեմ, որոնց հետ մինչեւ հիմա էլ շփվում եմ, մենք թշնամիներ չենք։ Առաջարկներ չեն եղել, որովհետեւ ինձ ճանաչողները գիտեն ինձ, որ ես սկզբունքային մարդ եմ, ու քանի որ ՀՀԿ-ն մասնակցում է, ես անպայման իմ թիմի հետ եմ լինելու։

- Ինչո՞ւ է մեզ մոտ այն տպավորությունը, որ ավելի շատ պայքարն ընթանում է «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների միջեւ։

- Այդ տպավորությունը էլի արհեստական է առաջացել, ու դա միայն ձեռնտու է այսօրվա իշխանություններին։ Մենք իրար հակառակորդ չենք, ու, բնականաբար, չի կարող մեր միջեւ պայքար գնալ, վստահ եմ՝ մեր երկուսի պայքարն էսօրվա իշխանությունների դեմ է։

Վահե Մակարյան

Դիտվել է 12558անգամ
Վերջին լուրեր