24 / Ապրիլ / 2020 : 17-06

Սարսափի օր մը, կոտորածի օր մը, օր մը արիւնի…

Նկար՝ Չինարի, Տավուշ (Տավուշի օրագիր) 

ԱՓ ՄԸ ՄՈԽԻՐ, ՀԱՅՐԵՆԻ՜ ՏՈՒՆ 

Աւա՜ղ, ապարանքի մը պէս մեծ էիր եւ շքեղ,
Ու ես՝ երդիքներուդ սպիտակ կատարէն,
Աստղածորան գիշերներու լոյսին հետ,
Վարէն, ահեղավազ Եփրատին կ՚ունկնդրէի…

Արցունքո՜վ, արցունքո՜վ լսեցի որ աւերակ առ աւերակ
Քու լայնանիստ պատերդ իրարու վրայ կործանեցին,
Սարսափի օր մը, կոտորածի օր մը, օր մը արիւնի…
Զքեզ եզերող պարտէզիդ ծաղկըներուն վրայ։

Ու մոխրացա՜ւ այն սենեակը կապոյտ,
Որուն որմերուն ետեւ եւ գորգերուն վրայ
Իմ երջանիկ մանկութիւնս կը հրճուէր,
Եւ կեանքս կ՚աճէր եւ հոգիս իր թեւերը կ՚առնէր…

Փշրեցա՞ւ, ուրեմն, այն հայելին ոսկեծիր,
Որուն եթերային խորութեանը մէջ
Երազներս, յոյսերս, սէրերս եւ կամքս կարմիր,
Տարիներով, մտածումիս հետ, ցոլացին…

Ու բակին մէջ երգող աղբիւրը մեռա՞ւ,
Ու կոտրեցա՞ն պարտէզիս ուռին ու թթենին,
Եւ այն առուակը, որ ծառերուն մէջէն կը հոսէր,
Ցամքեցա՞ւ, ըսէ՛, ո՞ւր է, ցամքեցա՞ւ, ցամքեցա՞ւ…

Օ՜, այն վանդակին կ՚երազեմ յաճախ,
Որուն մէջ գորշագոյն կաքաւս, առաւօտուն,
Արեւածագին հետ եւ վարդի թուփերուն դիմաց,
Զարթնումի ժամուս՝ յստակօրէն կը կարգճէր…

Հայրենի՜ տուն, հաւատա՛ որ մահէս յետոյ,
Քու աւերակներուդ սեւին վրայ իմ հոգիս
Պիտի գայ, որպէս տատրակ մը տարագիր,
Իր դժբախտի երգն եւ արցունքը լալու…

ՍԻԱՄԱՆԹՈ (Ատոմ Յարճանյան, 1878-1915)

Author's cover photo
Ամսաթիվ 24 / Ապրիլ / 2020 : 17-06
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 5961անգամ
Վերջին լուրեր