21 / Հուլիս / 2021 : 10-56

Ներդրումային ծրագրերի իրականացումը բժշկական սարքերի արտադրության ոլորտում կարող է նպաստել ոլորտի զարգացմանն ու կայացմանը

Դեռևս 2020 թվականին ՀՀ-ում մեկնարկեց թոքերի արհեստական շնչառության սարքավորումների արտադրության նախապատրաստական աշխատանքները: Պարզելու համար, թե այսօր ի՞նչ փուլում է թոքերի արհեստական շնչառության սարքավորումների արտադրության գործընթացը, Yelaket.am-ի (Ելակետ լրատվական)-ի Մեդիֆիլդ բաժինը («Medifield» հայ-ամերիկյան բժշկական ամսագիր) դիմել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
Ինչպես հայտնի է, Հայաստանում թոքերի արհեստական շնչառական (ԹԱՇ) սարքերի արտադրութունն առաջին հերթին նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) մարտահրավերները հաղթահարելուն և առողջապահության համակարգին աջակցելուն ուղղված քայլ էր:Այս համատեքստում, Հայաստանում բժշկական սարքաշինության պրակտիկ գիտելիքի ձևավորմանը նպաստելու, ինչպես նաև՝ ներքին արտադրողին խրախուսելու համար մեկնարկեցին ԹԱՇ սարքերի գաղափարների մասնագիտական ուսումնասիրության ու նախագծման աշխատանքները: ՀՀ Կառավարության որոշմամբ՝ 90մլն ՀՀ դրամ դրամաշնորհ տրամադրվեց «Ինժեներական ասոցիացիա» ՀԿ-ին` կազմակերպելու և իրականացնելու ԹԱՇ սարքերի նախագծման մրցույթը: Զուգահեռ ստեղծվեց հատուկ մասնագիտական հանձնաժողով, որում ընդգրկված էին ներկայացուցիչներ ՀՀ առողջապահության և ՀՀ ԲՏԱ նախարարություններից, գիտահետազոտական ինստիտուտներից ու ինժեներական ընկերություններից: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց «YEA Engineering» ընկերությունը: Կազմակերպությունը ներկայացրել էր ԹԱՇ սարքերի նախագծման, մակետային նախատիպի մշակման, մակետի լաբորատոր փորձարկման, համակարգի նախագծման, 5 օրինակ ինժեներական նմուշի մշակման, կոնստրուկտորական փաստաթղթերի ձևավորման ամբողջական փաթեթ: Ըստ տեղեկատվության՝ «YEA Engineering» ընկերությունը լիցենզավորում է ստացել «NASA Jet Propulsion Laboratory»՝ կողմից մշակելու և արտադրելու COVID-19 բուժման ընթացքում կիրառվող VITAL թոքերի արհեստական օդափոխման համակարգերը։ Լիցենզավորման մրցույթին 42 երկրներից դիմել էին 330 ընկերություններ, որոնցից ընդամենը 28-ին է հաջողվել ստանալ լիցենզիա: Նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ պայմանագրի կետերին համապատասխան՝ YEA Engineering ընկերությունը ավարտին է հասցրել դրամաշնորհային ծրագրով սահմանված նախագծման աշխատանքները՝ արտադրելով հինգ օրինակ ինժեներական նմուշներ, որոնք պատրաստ են անցնել կլինիկական փորձարկման։ Ըստ հավաստիացների՝ կլինիկական փորձարկումների փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում առկա արտադրական հնարավորությունները կարող են թույլ տալ արտադրել հարյուրավոր ԹԱՇ սարքեր, որոնք ներքին պահանջարկը բավարարելուց հետո կարտահանվեն։ Նախարարությանն ուղղված՝ ժամանակային առումով դեռ ինչքա՞ն կպահպանվի պահանջարկը, քանի որ համատարած պատվաստումներ են կատարվում և արդյո՞ք հնարավոր է պահանջարկի նվազման միտում, հարցին ի պատասխան հայտնում են, որ ԹԱՇ սարքերը օգտագործվում են ոչ միայն COVID-19–ով վարակված և ծանր կլինիկական ընթացքով հիվանդներին օգնելու նպատակով, այլև բազմաթիվ այլ դեպքերում: Այնուամենայնիվ, համավարակով պայմանավորված՝ ԹԱՇ սարքերի պահանջարկն ամբողջ աշխարհում դեռ առկա է: Հարկ է նշել, որ գործընթացում առկա դժվարություններ և խոչընդոտներ ևս եղել են. համավարակով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում նկատվում էր բժշկական սարքերում օգտագործվող անհրաժեշտ բաղադրատարրերի խիստ դեֆիցիտ։ «Նույնիսկ անհրաժեշտ հանգույցների հայթայթման հաջող գործընթացից հետո հաճախ հանդիպում էին փոխադրման խնդիրներ (միջպետական թռիչքներ գրեթե չէին իրականացվում)՝ ձեռք բերված բաղադրատարրերը ժամանակին ՀՀ հասցնելու գործընթացում»,- հայտնում են նախարարությունից։ Այնուամենայնիվ, ինչպես վստահեցնում եմ՝ կազմակերպված աշխատանքի արդյունքում բոլոր դժվարությունները բարեհաջող հաղթահարված են։ Սա, իրապես, կարելի է համարել բժշկական սարքաշինության մեկնարկը Հայաստանում: Իսկ արդյո՞ք կան այլ պլաններ կամ նախադրյալներ խթանելու հայկական ընկերությունների մուտքը բժշկական սարքերի արտադրության շուկա: Ըստ մեր աղբյուրի՝ հնարավոր է, քանի որ կատարվել է ծավալուն աշխատանք, կուտակվել է փորձ, գիտելիք և բժշկական սարքաշինության բնագավառում ձեռք են բերվել կապեր: Հուսանք, որ այդ ամենը կնպաստի նոր ծրագրերի իրականացմանը, որն էլ իր հերթին դրական կանդրադառնա բժշկական սարքերի արտադրության ոլորտի զարգացման ու կայացման վրա:
Author's cover photo
Ամսաթիվ 21 / Հուլիս / 2021 : 10-56
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 5875անգամ
Վերջին լուրեր