23 / Հուլիս / 2021 : 16-29

Բաքվի դատարանի վճիռը զուգարանի թղթից ոչ ավելի թանկ փաստաթուղթ է. գերիների վերադարձի հավանականությունը մեծ է. Բորիս Ավագյան

Չնայած Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նախօրեին 6-ական տարվա ազատազրկման է դատապարտել 13 հայ ռազմագերիներին, այդուհանդերձ,, գերիների վերադարձի հարցով զբաղվող, գնդապետ Բորիս Ավագյանը վստահեցնում է՝ Ադրբեջանը բեմադրված դատավարություն է իրականացնում, իսկ կայացրած վճիռն արժեք չունի.

«Դատարանի հրապարակած վճիռը զուգարանի թղթից ոչ ավելի թանկ փաստաթուղթ է։ Դրա վրա պետք չէ ուշադրություն դարձնել և պետք է շարունակել աշխատանքը, որ գերիներին վերադարձնեն։ Դատարանի ցանկացած վճիռ չի անդրադառնալու տղաների՝ այնտեղ մնալու կամ չմնալու վրա։ Իմ կարծիքով փաստաթուղթը ոչ մի արժեք չունի»։

Բաքվի բեմադրած կեղծ դատավարությունը, ըստ Ավագյանի, արվում է միայն համաշխարհային հանրությանը ցույց տալու, որ Ադրբեջանն օրինապահ է։ Անկախ նրանից՝ ինչ վճիռ է կայացվել, գերեվարված հայորդիները դատապարտվել են վեց, թե տասը տարվա ազատազրկման, պետք է անհապաղ վերադառնան հայրենիք։

«6, 10 թե 2 տարի՝ ոչ մի նշանակություն չունի։ Աշխատանքը պետք է տարվի ու գերիները վերադառնան։ Ալիևը կարող է թղթերը հավաքել, ինքը իրեն կարդա, ուրախանա, բայց ոչ մի իրավական ուժ չունի այդ վճիռը»։

Ավագյանի կարծիքով՝ հայկական կողմը բավարար աշխատանք տանում է ռուսական կողմի հետ։ Հասարակությունն էլ չպետք է ուշադրություն դարձնի Բաքվի դատարանի վճիռներին։

«Գիտեմ, որ աշխատանքներ են տարվում երկու կողմերի համատեղ ուժերով ու կարծում եմ՝ պետք չէ Ադրբեջանի կապիկությունների վրա ուշադրություն դարձնել և շանտաժի զոհ դառնալ։ Այն ուշադրությունը, որ մեր հասարակությունը դարձնում է Ադրբեջանի դատավճիռների վրա, իմ կարծիքով ավելորդ է։ Դրանք միայն թատրոն են կազմակերպել, որի արժեքը զրո է»։

Ավագյանը նշում է՝ գերիները պետք է վերադառնան առանց նախապայմանի։ Հայաստանը պետք է միայն լրջացնի ու խորացնի իր համագործակցությունը ՌԴ-ի հետ։

Հարցին՝ կարո՞ղ ենք արդոք հավանական համարել առաջիկայում գերիների վերադարձը, Ավագյանը նշեց. «Կարծում եմ ՝ մեծ է հավանականությունը»։

Աղբյուր` Փաստինֆո
Դիտվել է 4864անգամ
Վերջին լուրեր