Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Մարտ / 2022 : 09-47

Ադրբեջանական զորքերը Փառուխ գյուղում են, դուրս չեն բերվել․ Ադրբեջանը հերքում է Ռուսաստանին

Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն ցավում է, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության 2022 թվականի մարտի 27-ի հայտարարության մեջ արտացոլված կետերը չեն համապատասխանում իրականությանը։

«Ադրբեջանական բանակի զորքերը մեր երկրի ինքնիշխան տարածքի մաս կազմող Փառուխ գյուղում և նրան հարող լեռնային շրջաններում չեն փոխվել։ Այդ դիրքերից ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դուրսբերման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Մեր բանակը լիովին վերահսկում է օպերատիվ իրավիճակը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե իբր հրադադարը խախտվել է Ադրբեջանի կողմից, նույնպես չի համապատասխանում իրականությանը, իսկ տուժած զինծառայողների մասին տեղեկություններ չկան։

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Ադրբեջանի տարածքում «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչատարածքային միավոր չկա։

ՌԴ ՊՆ մարտի 26-ին և 27-ի հայտարարություններում «Լեռնային Ղարաբաղ» տերմինի օգտագործումը անհարգալից վերաբերմունք է միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ճանաչված և ընդունված Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ»,- ասված է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության մեջ։

Ադրբեջանի ՊՆ-ն ՌԴ ՊՆ-ին հիշեցրել է, որ 2022 թվականի փետրվարի 22-ին երկու երկրների նախագահների կողմից ստորագրված «Դաշնակից համագործակցության մասին» հռչակագրի առաջին կետում ասվում է, որ «Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հիմնված են փոխադարձության վրա. հարգանք տարածքային ամբողջականության և պետական սահմանների անձեռնմխելիության նկատմամբ, ինչպես նաև միմյանց ներքին գործերին չմիջամտել, վեճերի խաղաղ կարգավորում և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում»։

«Բացի այդ, Հռչակագրի 18-րդ հոդվածի համաձայն, Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը միավորում են իրենց ջանքերը միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության և անջատողականության դեմ պայքարի և դրա չեզոքացման գործում:
ՌԴ ՊՆ այս հայտարարության մեջ անտեսվում է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ, ՌԴ ԶՈւ Գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի ստորագրած հռչակագիրը»,-ասված է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ՊՆ-ն կրկնում է. «Խոջալուի շրջանում Փուռուխ գյուղ չկա։ Նշված գյուղի անունը Փառուխ է։ Հուսով ենք, որ գյուղի անունը ճիշտ կնշվի հաջորդ հայտարարություններում»,- ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 40756անգամ
Վերջին լուրեր