19 / Մայիս / 2022 : 12-19

Բանկային քարտով գնումներ անելու դեպքում թոշակառուների քարտին ամեն ամիս 5 հազար դրամ հետ կնստի

Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը հաստատելու մասին» օրենքի նախագիծը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, որը ներկայացրեց նախագիծը, նշեց, թե առաջարկվում է հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություն մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գնումներ ու վճարումներ, ապա հաջորդ ամիս կստանան 10 տոկոսի չափով հետվճարՙ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից:

«Հետվճարրի գումարը չի կարող գերազանցել 5 հազար դրամըՙ անկախ, թե ինչ գումարի շրջանակում են կատարվել գործարքները: Հետվճարը տարածվելու է նաև կոմունալների վճարումների վրա, եթե դրանք կատարվել են կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով», - ներկայացրեց նախարարը:

Հետվճարը ձևավորվում է պետություն-բանկ սոցիալական պատասխանատվության գոծընկերության շրջանակներում, որտեղ պետությունն ու բանկը մասնակցում են 5-ական տոկոս համամասնությամբ:

Մինչև հունիսի 1-ը սոցապնախարարությունը կհրապարակի բոլոր այն բանկերի ցանկը, որոնք միացել են այս ծրագրին: Ի դեպ, այն քաղաքացիները, որոնց քարտերը սպասարկող բանկերը չկան ցանկում, կարող են դիմել ու փոխել քարտը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե հուլիսի 1-ից սկսածՙ ամեն ամիս 5 հազար դրամ հետ կնստի թոշակառուի բանկային քարտի վրա:

«Ծրագիրը փորձնական անում ենք վեց ամսով, կվերլուծենք ու կհասկանանք, թե ինչ թերություններ կան, որ հընթացս ավելի լավարկենք», - ասաց նա:

Սոցապնախարարն ասաց, թե այս պահին կա հազարից ավելի շահառու, բայց այն մարդիկ, ովքեր կանխիկը կվերաձևակերպեն ու անկանխիկ կստանան թոշակը, կարող են միանալ այս ծրագրին:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 45527անգամ
Վերջին լուրեր