Ferrari-ն ստիպված է հետաձգել իր նորույթների պրեմիերան կորոնավիրուսի համավարակի պատճառով
Սուպերքարերի հայտնի արտադրողը կորոնավիրուսի համավարակի պատճառով ստիպված է առնվազն չորս ամսով հետաձգել մի քանի նորույթի պրեմիերան, գրում է Motor-ը: Կորոնավիրուսի համավարակը զգալի ազդեցություն է ունեցել ավտոմոբիլային արդյունաբերության վրա` ստիպելով արտադրողներին դադարեցնել արտադրությունը եւ արմատապես փոխել ապագայի պլանները:
Ըստ Automotive News Europe պարբերականի` իտալական Ferrari ընկերությունը համավարակի պատճառով հետաձգել է նոր մոդելների պրեմիերան: Այս տարի ապրանքանիշը մի քանի նորույթ ցույց կտա, բայց` առնվազն չորս ամիս հետո: Ferrari-ի ղեկավար Լուի Կամիլյերին նշել է, որ ընկերությունը ստիպված էր վերանայել իր բյուջեն կրճատման ուղղությամբ: Այդ պատճառով որոշ մոդելներ ժամանակին կհայտնվեն շուկայում, իսկ որոշները կուշանան: Ենթադրվում է, որ երկու հետաձգված նորույթներն են SF90 Stradale-ի բաց մոդիֆիկացիան եւ հիբրիդային սուպերքարը:
2020 թվականին ընկերության հաճախորդները պետք է ստանան Roma, SF90 Stradale, F8 Tributo, F8 Spider եւ 812 GTS մոդելների առաջին օրինակները: Անցած տարին ավելի հաջող էր իտալական ապրանքանիշի համար. ընկերությունն իր պատմության մեջ առաջին անգամ ավելի քան 10 հազար ավտոմեքենա էր վաճառել, բայց այս տարի վերլուծաբաններն պահանջարկի անկում են կանխատեսում 4-15 տոկոսով: