Google-ի և Facebook-ի աշխատակիցները ստիպված կլինեն տանից աշխատել ընդհուպ մինչև տարեվերջ. Ведомости
Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչային, ընկերության աշխատակիցներին ուղղված նամակում հայտնել է, որ նրանք ստիպված կլինեն տանից աշխատել մինչև հոկտեմբեր և, հնարավոր է, նույնիսկ մինչև տարեվերջ, հաղորդում է Ведомости-ն՝ հղում տալով Bloomberg-ին:
Google-ի ներկայացուցիչը հաստատել է, որ աշխատակիցների մեծամասնությունը հարկադրված կլինի տանից աշխատել ընդհուպ 2021-ը:
Ընդ որում, The Information-ի և Business Insider-ի փոխանցմամբ, նրանք, որոնց համար պարտադիր է աշխատավայրում գտնվելը, կկարողանան աշխատանքի գնալ հունիս-հուլիս ամիսներին:
Facebook-ը նույնպես հինգշաբթի իր աշխատակիցներին տեղեկացրել է, որ նրանք կարող են մինչև տարվա վերջ հեռավար կերպով աշխատել: Ընկերությունը չի ծրագրում գրասենյակները բաց անել հուլիսի 6-ից շուտ:
Facebook-ի և Google-ի գլխամասային գրասենյակները Կալիֆորնիա նահանգում են: Այստեղ վարակը ախտորոշվել է 62 498 մարդու մոտ, 2563-ը մահացել է, հաղորդում է The New York Times-ը:
ԱՄՆ-ում վարակված անձանց ընդհանուր թիվը, Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, գերազանցում է 1.2 միլիոնը: