Բենզինային BMW M8-ն ու «էլեկտրական» Porsche Taycan-ը մրցարշավ են անցկացրել
AutoBildSportsCars-ի բլոգերները համեմատել են BMW M8 Competition բենզինային կուպեանման սեդանը և Porsche Taycan Turbo S էլեկտրական մեքենան: Այս մասին գրում է motor.ru կայքը:
Փորձառու վարորդը երկու մեքենաներով էլ շրջան է կատարել 4,5 կիլոմետրանոց Լաուզիցրինգ մրցուղու վրա: Շրջանները կատարվել են միևնույն պայմաններում` Pirelli P Zero անվադողերով:
Իրենց բնութագրերով երկու մեքենաներն էլ միմյանց շատ մոտ են. BMW M8 Gran Coupe Competition-ն ունի 625 ձիաուժ հզորությամբ, 4,4 լիտր ծավալով, V-աձև 8 մխոցային շարժիչ, 8 աստիճանային ավտոմատ փոխանցման տուփ: BMW-ն գրեթե 400 կիլոգրամ ավելի թեթև է, քան Porsche-ն, և 20,5 հազար եվրոյով ավելի էժան:
Porsche Taycan Turbo S-ն ունի 761 ձիաուժ հզորությամբ երկշարժիչային ուժային համակարգ: Տեղից շարժվելու առումով էլեկտրական մեքենան ավելի նախընտրելի է, առաջին 100 մետրն այն անցնում է 0,4 վայրկյան ավելի արագ, բայց դա հնարավոր է առավելություն չլինի 14 տարատեսակ շրջադարձ ունեցող մրցուղու վրա:
«Մարտական» ռեժիմով մրցավազքի արդյունքներով՝ երկու գերմանական սեդանների ժամանակային տարբերությունը 4534 մետր անցնելուց հետո կազմել է ընդամենը 0,2 վայրկյան: