25 / Օգոստոս / 2022 : 14-12

Մարդկային կյանքը՝ նավթից էժան. «Մայր Հայրենիք»

Նյութի հեղինակ՝ ՄԱՐԻԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Նախորդ նյութի հղումը՝
Վիկ Գերամի՝ «Մայր Հայրենիք» Արցախի 44-օրյա պատերազմի մասին ֆիլմի վավերագիրը

Մարդկային կյանքը՝ նավթից էժան. «Մայր Հայրենիք»

44 ռազմական հանցագործության ահասարսուռ օրեր, 5000 զոհ, նոր սերունդ՝ 18ամյա երիտասարդների կորուստ, ցավ, մահ...

Իսկ աշխարհը՝ լուռ ու համր։

Ինչո՞ւ...

Ամերիկահայ լրագրող, ռադիոհաղորդավար Վիկ Գերամին վերջերս նկարահանած իր «Մայր Հայրենիք» փաստավավերագրական ֆիլմում անդրադարձել է նաեւ այդ հարցին։

Երկրների համար, ինչպիսին է Միացյալ Նահանգները, թեեւ կցանկանային «աջակցել» ժողովրդին, բայց առավել ՑԱՆԿԱՆՈՒՄ են զենք վաճառել՝ առեւտուր անել մարդկային կյանքը չխնայելով, կամ պարզապես քաղցած են բնական ռեսուրսների համար, ինչպիսին նավթն է։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Լոս Անջելեսում բուռն ծափահարությունների ներքո: Կարմիր գորգի միջոցառումը՝ հինգշաբթի, հուլիսի 7-ին, պատմական Raleigh Studios Hollywood-ում:

Տոմսերի արժեքը 25 դոլար՝ նպատակով, որ հասույթի մի մասը տրամադրվելու է Հայաստանում գտնվող Հայրենիքի պաշտպանների վերականգնողական կենտրոնին՝ վիրավոր զինվորների համար նախատեսված հաստատությանը:
Ֆիլմի անդրանիկ ցուցադրությանը ներկա էին պաշտոնյաներ, հայտնիներ, բարձրաստիճան անձինք և այլ մեծահամբավ հասարակական գործիչներ:

Նրանք եկել էին, որպեսզի աջակցեն ֆիլմին, որը ուշադրության է հրավիրում Ադրբեջանի, Թուրքիայի կողմից բռնության, ապատեղեկատվության եւ դաժան կոտորածներին:

Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քասախյանը Վիկ Գերամիին ասել է.

«Ձեր աշխատանքը բարձրացնում է նրանց ձայնը, ովքեր պայքարում են մարդու իրավունքների համար ամբողջ աշխարհում»:

Պրեմիերայից հետո քաղաքապետը օգոստոսի 4-ին Գլենդելում հատուկ եւս մեկ ցուցադրության հովանավորություն է առաջարկել։ Նրան են միացել սենատոր Էնթոնի Պորտանտինոն և ասամբլեայի անդամ Լորա Ֆրիդմանը որպես համահովանավորներ:

«Շնորհավորում եմ ձեր գեղեցիկ «Մայր Հայրենիք» փաստավավերագրական ֆիլմի համար… Ցնցեց մեզ մինչև հոգու խորքը… Հպարտ ենք, որ ունենք ձեր նման տաղանդավոր հայրենակից»։

Այսպես է արտահայտվել ներկաներից արվեստագետ Սեսիլ Քեշիշյանը։
Ադրբեջանը պատմական անցյալից զուրկ, ընդամենը 1918-ականներին կազմավորված մի պետություն է՝ նավթի հզոր ուժով, այսօր աշխարհը կարծես խոնարհվում է նրա այդ «հարստության» առջեւ։

... Ու խլացուցիչ լռության ներքո մասնատում հարուստ պատմական անցյալով, բնիկ մի ազգի, որ անսասան է, անկոտրուն, վերածնվող իր ավանդական, մշակութային հարուստ արժեքներով։

Ամերիկահայ լրագրող Վիկ Գերամիի «Մայր Հայրենիք» փաստավավերագրական ֆիլմը ծնվեց աշխարհին բացահայտելու այդ անարդարությունը, սանձազերծված ցեղասպանությունը։

Նրա ոսպնյակի միջոցով՝ աշխարհի ուշադրությունը կենտրոնացնելու վայրագությունների, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի անմեղ բնակչության՝ մարդկությանը հասցված անվերականգնելի հանցագործությունների վրա։

«Մայր Հայրենիք» մեդիաֆիլմի թիրախային լսարանը հայերը չեն, օտարներն են, աշխարհի լռությունը խախտելու նպատակով է արտադրված փաստավավերագրությունը»,- ասել է լրագրողը։

Ֆիլմի միջոցով Ադրբեջանի ռազմական ագրեսիան, ահաբեկչությունը՝ ռմբակոծումը ծննդատներին, դպրոցներին, բնակելի թաղամասերին, խաղաղ բնակչության կոտորածը՝ աշխարհի առաջնորդներին սարսափելի իրադարձությունները իրազեկելու քայլն է, որոնք տեղի են ունեցել 2020 թվականին Արցախում և շարունակվում են առ այսօր։

Երբ Գերամին սկսեց ֆիլմի պատրաստությունը պրոդյուսեր Հենրիկ Վարդանյանի և խմբագիր Քրիս Դամադյանի հետ, շատ ավելի վաղ էր Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելուց.

«Երբ այնտեղ բռնկվեց հումանիտար ճգնաժամը, ամբողջ աշխարհում մարդիկ կենտրոնացել էին աջակցելու եւ օգնություն ցուցաբերելու ուկրաինայի ժողովրդին։ Ի հակադրություն՝ Արցախում տեղի ունեցած պատերազմի մասին քիչ արձագանք եւ մամուլի հրապարակում եղավ»,- նշել է լրագրողը։

«Ռուսաստանը ամենամեծ հաղթողն է»,- ավելացրել է Գերամին, բացատրելով, որ աշխարհագրությունը թույլ է տալիս նրան մուտք գործել մի տարածք, որտեղ նա չուներ ներկայություն.

«Զավեշտալին այն է, որ անցած նոյեմբերին Արցախում 5000 սպանություններից անմիջապես հետո 5000 ռուս զինվորներ ներխուժեցին որպես խաղաղապահներ»:
Ֆիլմում Գերամին նկարագրում է, թե ինչպես հարեւան երկրներից, այդ թվում՝ Սիրիայի, Պակիստանի ահաբեկիչների ճամբարներից օդանավով հազարավոր վարձկանների էր բերում Ադրբեջանը՝ արցախահայության դեմ ցեղասպանություն իրականացնելու հարցում աջակցելու, որոնց վճարում էր Թուրքիան։

Հստակ նկարագրված է ֆիլմում, թե 2020 թվականի ագրեսիայի դրսևորումը ինչպես նոր էջ բացեց տարածաշրջանային պատմության մեջ և ինչպես խաղաղ բնակչությանը անբացատրելի տառապանք և անվերականգնելի կորուստներ պատճառեց։

«Սա շախմատային խաղ է համաշխարհային ուժերի միջև,- նշել է Գերամին: Պուտինը «փորձում է վերստեղծել հին Խորհրդային Միությունը», մինչդեռ Էրդողանը կարծես թե «փորձում է վերականգնել հին Օսմանյան կայսրությունը»։
Համաշխարհային հանրության անտարբերությունը, հասարակական գործիչների կեղծավորությունը, ովքեր քարոզում են մարդու իրավունքների մասին, բայց ցույց են տալիս անգործություն, երբ իրավիճակը օրհասական է։
Թե ինչպես է մամուլը հեշտությամբ շահարկվում Ադրբեջանի ատելության, ապատեղեկատվության և քարոզչության արշավով:

Կոնգրեսական Ջուդի Չուն իր աջակցությունն է հայտնել կարմիր գորգի վրա՝ ասելով.

«Այնքան հրաշալի է, որ նկարահանվել է այս վավերագրական ֆիլմը։ Ես գնացել եմ Արցախ, տեսել եմ, թե ինչ գեղեցիկ և հմայիչ վայր է այն։ Եվ երբ լսեցի Ադրբեջանի հարձակման լուրը, ուղղակի սարսափեցի՝ լսելով բազմաթիվ հազարավոր զոհերի, փախստականների մասին, որոնք այլեւս չեն կարող վերադառնալ տուն, ռազմագերիների մասին, որոնք դեռ գերության մեջ են։
Այսպիսով, մենք անում ենք այն, ինչ կարող ենք Կոնգրեսում: Բայց իրականում անհանգստացնողն այն է, որ աշխարհը բավականաչափ չգիտի այս մասին: Ահա թե ինչ կարող է անել այս վավերագրական ֆիլմը՝ կարող է լույս տալ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին»։

Վիկ Գերամին սարսափով հետևում էր, թե ինչպես է Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով մահեր սփռվում Արցախում՝ աշխարհի մի անկյունում, որ կոչվում է Մայր Հայրենիք, որը նաև իր առաջին փաստավավերագրական ​​ֆիլմի անվանումն է:

Խլացուցիչ լռությունը կոտրելու, աշխարհի ուշադրությունը սեւեռելու՝ 21-րդ դարի այս սպանդը փաստելու համար, Վիկը անհրաժեշտություն է տեսնում լինել Հայաստանում։

Մեկնում է հայրենիք։

Եթե ​​նա հարցազրույց չվերցներ ականատեսների, վետերանների, Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հանցագործությունների արդյունքում ստեղծված փախստականների հետ, ինչպե՞ս պիտի ծնվեր լրագրողական, հետաքննական, փաստավավերագրական այս ֆիլմը։ Նա գնաց ու տեղում հարցազրույցներ անցկացրեց պաշտոնյաների, փորձագետների և լրագրողների հետ:

«Ես ինքս պետք է ուսումնասիրեի, թե ինչպես են Ադրբեջանի նախագահ Ալիևը և Թուրքիայի նախագահ Էրդողանը` մի զույգ բռնապետ և ինքնակոչ «եղբայրներ», ստվեր նետում աշխարհի աչքերին և ազատվում զանգվածային կոտորածների դատից ու մեղքից»,- ասել է լրագրողը:
Դեռևս ԱՄՆ-ում նա իր ռադիոհաղորդման ժամանակ հարցազրույց էր վերցրել Կոնգրեսի բազմաթիվ անդամներից, ինչը հանգեցրել է նրան, որ մի քանիսը նկարահանվեն ֆիլմում, այդ թվում՝ կոնգրեսական Ադամ Շիֆը, պատգամավոր Քեթի Փորթերը, Ջուդի Չուն ովքեր նույնպես ներկա են եղել հուլիսյան պրեմիերային:

Հարցազրույց է վերցրել նաեւ Կոնգրեսի մի քանի առաջատար անդամներից, ովքեր հայ համայնքի դաշնակիցներն են։ Նրանց թվում են՝ սենատոր Բոբ Մենենդեսը, կոնգրեսականներ՝ Ֆրենկ Փալոնե, Ջեքի Սփայեր, Բրեդ Շերմանը, Բարբարա Լի։

Նա նաև հարցազրույց է վերցրել բարոնուհի Քերոլայն Քոքսի, իսրայելաբնակ ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի, ադրբեջանցի ակտիվիստ Մոհամմադ Միրզալիի և մի շարք այլ ընտրված պաշտոնյաների, գիտնականների, փորձագետների, վետերանների, փախստականների և ականատեսների հետ:
Հիշեցնենք, որ «Մայր հայրենիք» ֆիլմի պրեմիերան տեղի էր ունեցել հուլիսի 7ին Լոս Անջելեսում, ապա՝ ևս մեկ փառահեղ հատուկ Գլենդելյան ցուցադրություն: Սեղմեք այստեղ լուսանկարների համար:

Օգոստոսի 30ին նախատեսվում է եւս մեկ ցուցադրություն. «Մայր Հայրենիք»ը կհյուրընկալվի Գլենդելի Համայնքային քոլեջում։ Ցուցադրությունից հետո տեղի պիտի ունենա հարց ու պատասխան, մուտքը ազատ է լինելու։

«2022 թվականի ամենասպասված վավերագրական ֆիլմը», ինչպես անվանել է HuffPost-ի լրագրողը, նախատեսված է Կոնգրեսի հատուկ ցուցադրության համար Վաշինգտոնում, սեպտեմբերի 15-ին, Alexandria History Museum at the Lyceum-ում։ Ավարտին տեղի կունենա հարց ու պատասխան հեղինակի հետ։

Կոնգրեսի ցուցադրության մամուլի հաղորդագրությունը կարող եք կարդալ այստեղ:

Հոկտեմբերին նախատեսվում է նաեւ ցուցադրություն Երեւանում։
«ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ»ը լրագրողական հետաքննական փաստավավերագրական ֆիլմ է, գրել եւ արտադրել է լոսանջելեսաբնակ ամերիկահայ հետաքննիչ լրագրող և ակտիվիստ Վիկ Գերամին։

«Մայր Հայրենիքը» եղել է աշխարհի կինոփառատոների սիրելին՝ Կաննի համաշխարհային կինոփառատոնի, «Փաստաթղթեր առանց սահմանների» միջազգային կինոփառատոնի, Միջազգային ակտիվիզմի կինոփառատոնի և մի շարք այլ ֆիլմերի «Պաշտոնական ընտրանի» է:

Այն նաև Տորոնտոյի անկախ կինոփառատոնի երկու մրցանակների դափնեկիր է՝ «Լավագույն միջազգային վավերագրական ֆիլմ» և «Լավագույն առաջին անգամ» ֆիլմ։

Վիկ Գերամիի մասին ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանն ասել է.

«Շնորհակալություն ֆիլմը որպես ռեսուրս ստեղծելու համար, որը հարգում է նահատակների հիշատակը՝ միաժամանակ բարձրացնելով իրազեկվածությունը Արցախի 44-օրյա պատերազմի շուրջ, համաշխարհային ազդեցություն ձեռք բերելու նպատակով»:
Կարող եք դիտել ֆիլմի հոլովակը այստեղ, այցելել ֆիլմի կայքէջը եւ IMDB-ի էջը։

Կարդացեք նաև՝



Author's cover photo
Ամսաթիվ 25 / Օգոստոս / 2022 : 14-12
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 44724անգամ
Վերջին լուրեր