Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Սեպտեմբեր / 2022 : 17-57

Առաջիկայում կարող է տեղի ունենալ Փաշինյան-Էրդողան հանդիպում․ Օրակարգում կարգավորման գործընթացն է․ Ռուբինյան

Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպում առաջիկայում կարող է տեղի ունենալ, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով՝ «օրակարգը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն է»:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Պարոն Ռուբինյան, ի՞նչ ակնկալիքներ կան մի քանի օրից Պրահայում էրդողան-Փաշինյան հնարավոր հանդիպումից կամ այն ի՞նչ օրակարգով է լինելու:

Ռուբեն Ռուբինյան. - Նման հանդիպում իրոք կարող է տեղի ունենալ, օրակարգը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն է: Մեր դիրքորոշումները այս առումով չեն փոխվել:

«Ազատություն». - Փակուղի չի՞ մտել, վերջին անգամ Քըլըչի հետ երբ եք հանդիպել, կարծես ամիսներ են անցել:

Ռուբինյան. - Մենք հանդիպել ենք հուլիսին, երբ որ ձեռք բերվեց այն հայտնի պայմանավորվածությունը երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանների բացման և ուղիղ ավիաբեռնափոխադրումների հնարավորության ստեղծման: Իրականում սեպտեմբերի 14-ին՝ սահմանին պետք է տեղի ունենար հանդիպում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջև, որպեսզի քննարկվեր իմպլեմենտացիան այդ երկու քաղաքական պայմանավորվածությունների, բայց սեպտեմբերի 14-ին, ես հիշեցնեմ՝ դա ադրբեջանական հարձակման օրերին էին, թուրքական կողմի ցանկությամբ այդ հանդիպումը հետաձգվել է:


«Ազատություն». - Մինչև ե՞րբ:

Ռուբինյան. - Չկա ժամկետ:

«Ազատություն». - Անժամկետ, այսինքն՝ այն, ինչ պայմանավորվել եք, դեռ թղթի վրա է:

Ռուբինյան. - Եվ դա պետք է իրագործվի, որովհետև ի վերջո կա քաղաքական պայմանավորվածություն և քաղաքական պատասխանատվություն այդ պայմանավորվածությունն իրագործելու:

«Ազատություն». - Պարոն Ռուբինյան, մյուս կողմից Անկարան անթաքույց փորձում է ցույց տալ, որ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել, գործադրել այդ ջանքերը: Երևանը այդ ձևաչափն ընդունելի կհամարի՞, եթե Էրդողանը նման բան առաջարկի:

Ռուբինյան. - Ընդհանրապես միջնորդներ կարող են լինել այն կողմերը, որոնք չեզոք են: Ես կարծում եմ ոչ ոք չի կարող հիմա Թուրքիան չեզոք անվանել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Ադրբեջանի՝ Հայաստանի տարածք ներխուժման համատեքստում:

«Ազատություն». - Վարչապետն ասաց, որ դաշնակից երկրները զենք չեն մատակարարում, ո՞ւմ նկատի ունի:

Ռուբինյան. - Ես կարծում եմ՝ բոլորին հայտնի է՝ որոնք են մեր դաշնակից պետությունները, և դա ընդամենը փաստի արձանագրում է:


«Ազատություն». - Ես տամ այդ անունը՝ Ռուսաստան, Դուք չեք ասում: Պարոն Ռուբինյան, եթե չեն օգնում, Հայաստանը դիմում է դաշնակցային պայմանագրով, ՀԱՊԿ-ին է դիմում, չեն օգնում, էլ ի՞նչ դաշնակից:

Ռուբինյան. - Փաստ է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժում է տեղի ունեցել և ՀԱՊԿ-ը համապատասխան արձագանք չի տվել, համապատասխան արձանագրումներ չի արել, համապատասխան գործողություններ չի իրականացրել: Փաստը նա է, որ կա Հայաստան-Ռուսաստան 1997 թվականի պայմանագիր և նույնպես փաստ է, որ չի գործարկվել դա, ըստ էության, վերջին իրադարձությունների արդյունքում: Դա ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, մենք պետք է ի՞նչ անենք՝ արձանագրենք այս փաստերը, պետք է գնահատենք իրավիճակը և կայացնենք համապատասխան որոշումներ:

«Ազատություն». - Օրինակ՝ լքել այդ դաշինքը:

Ռուբինյան. - Ես ասում եմ՝ պետք է արձանագրենք այդ փաստը, որովհետև սա փաստ է, անհնար է ուղղակի չնկատել դա, և պետք է մենք ի վերջո գնահատենք մեր անվտանգային ճարտարապետությունը, որ մենք ունեցել ենք 30 տարի: Նկատի ունեմ անվտանգային միջազգային ճարտարապետությունը իրեն արդարացնո՞ւմ է, թե՞ ոչ, արդարացնելու շանս ունի՞, թե՞ ոչ, եթե՝ ոչ, արդյո՞ք մենք ունենք այս-այս ճանապարհները, թե՞ ոչ, և այս համատեքստում է պետք է հասկանալ՝ ինչպես շարժվել առաջ:



«Ազատություն». - Պարոն Ռուբինյան, որքանո՞վ են գետնի վրա Ամերիկայից զենք գնելու մասին խոսակցությունները, առայժմ միայն Հայ դատի հանձնախումբն է ասել:

Ռուբինյան. - Ես ընդհանրապես չեմ կարծում, որ զենք գնելու թեման պետք է դառնա հանրային քննարկման առարկա:

«Ազատություն». - Իսկ անվտանգության հովանոց փնտրել Արևմուտքում, սա Դուք այսօրվա աշխարհում իրատեսական համարո՞ւմ եք:

Ռուբինյան. - Նայած ինչ նկատի ունեք անվտանգության հովանոց ասելով: Մենք, օրինակ, շնորհակալ ենք մեր այն գործընկերներին, այդ թվում՝ արևմտյան, որոնք հստակ ֆիքսել են ադրբեջանական ագրեսիան ու ներխուժումը Հայաստանի տարածք, որոնք քաղաքական և դիվանագիտական ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինիս ծավալապաշտական նկրտումները զսպվեն:

«Ազատություն». - Ես նկատի ունեմ ավելին՝ արևմտյան զինուժի խաղաղապահներ գան, կանգնեն:

Ռուբինյան. - Պետք է գնահատել իրավիճակը և ըստ դրա հասկանալ՝ ինչպես շարժվել առաջ:
Կարդացեք նաև





Հայկական բանակի պատասխան գործողությունների ու ամերիկյան կողմի ներգրավվածության շնորհիվ հնարավոր է դարձել դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանին

100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց զենքի մատակարարումները չեն կատարվում, այդ թվում դաշնակից երկրների կողմից. Փաշինյան

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Կարդացեք նաև

Ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք երեկ հարված են հասցրել, գտնվել են Հայաստանի տարածքում. Հայաստանի տարածքն օկուպացված է. Փաշինյան

Իրադրությունը սահմանին․ՊՆ-ն հայտարարարություն տարածեց

Հնդկաստանը Հայաստանին 270 միլիոն դոլարի սպառազինություն է վաճառել





Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 15897անգամ
Վերջին լուրեր