Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Հուլիս / 2026 : 13-31

Արշիլ Գորկի. Հանճար, ով վերափոխեց համաշխարհային գեղանկարչությունը

Այսօր՝ հուլիսի 21-ին, ամերիկյան աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիր, 20-րդ դարի մեծագույն նկարիչներից մեկի՝ Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյան) մահվան տարելիցն է։

Նրա կյանքի պատմությունը ողբերգական, բայց միևնույն ժամանակ հզոր մի էպոս է՝ Վանա լճի ափերից, Ցեղասպանության գաղթի ճանապարհներից ու Երևանից մինչև Նյու Յորքի արվեստի գագաթնակետերը։

Ծնվելով Վանի Խորգոմ գյուղում՝ փոքրիկ Ոստանիկը մանկուց աչքի էր ընկնում իր մտածկոտությամբ։ 1915 թվականի ողբերգական իրադարձությունների ժամանակ նա ընտանիքի հետ անցավ գաղթի ծանր ճանապարհը՝ հասնելով Էջմիածին, ապա Երևան։ 1919 թվականին Երևանում սովից ու ուժասպառությունից 39 տարեկանում նրանց ձեռքերի վրա մահացավ մայրը՝ Շուշանիկը, ով Գորկու համար իսկական աստվածուհի էր և հայրենասիրության ու արվեստի առաջին ուսուցիչը։ 1920-ին տեղափոխվելով ԱՄՆ՝ Ոստանիկն ընտրեց «Արշիլ Գորկի» կեղծանունը՝ ոգեշնչվելով Մաքսիմ Գորկու կենսագրությունից և ճակատագրերի նմանությունից։

Ազդեցությունը համաշխարհային արվեստի վրա

Արշիլ Գորկին դարձավ նորագույն ամերիկյան արվեստի և Նյու Յորքի նկարչական դպրոցի առանցքային դեմքը։ 1930-40-ական թվականներն ամերիկյան արվեստաբանությունում իրավամբ անվանում են «Գորկու շրջան»։

Գորկին կամուրջ դարձավ եվրոպական դասական մոդեռնիզմի և ամերիկյան նորարարության միջև։ 1967-ին ֆրանսիական մամուլը գրում էր. «Գորկին միակն է, ով կարողացավ ամերիկյան գեղանկարչությունը եվրոպական մակարդակի հասցնել»։ Նա հիմնարար ազդեցություն ունեցավ այնպիսի մեծությունների վրա, ինչպիսիք են Ջեքսոն Փոլոքն ու Ռոբերտ Մաթան։

Թեև Գորկին ապրում էր Նյու Յորքի խելահեղ ռիթմով, նրա հոգին միշտ մնացել էր Վանա լճի ափերին և Հայաստանում։

«Նկարիչն ու նրա մայրը»

Այս կտավը 20-րդ դարի համաշխարհային դիմանկարչության գագաթներից է։ Մոր տխուր ու հպարտ հայացքում և փոքրիկ Ոստանիկի լայն բացված աչքերում ամփոփված է հայ ժողովրդի ողջ ողբերգությունն ու անկոտրում ոգին։

Քրոջը՝ Վարդուշին ուղղված նամակներում նա միշտ գրում էր Հայաստան վերադառնալու մասին. «Մի օր ես հայրենիք կվերադառնամ, սակայն միայն այն ժամանակ, երբ ամուր կանգնած կլինեմ ոտքերիս վրա, որպեսզի փառաբանեմ հայրենիքս»։

Չնայած կյանքի վերջին տարիներին նրան հարվածած ծանր փորձություններին (քաղցկեղ, ավտովթար, ձեռքի կորուստ և արհեստանոցի հրդեհ), ինչը հանգեցրեց 1948թ. հուլիսի 21-ին նրա ողբերգական ինքնասպանությանը, Արշիլ Գորկին հասցրեց անմահացնել իր անունն ու հայրենիքը համաշխարհային մշակույթի պատմության մեջ։
Դիտվել է 1971անգամ
Վերջին լուրեր