28 / Մայիս / 2020 : 13-22

Կրակի միջից՝ հաղթանակ եւ զարթոնք


Մշակութային կյան­քը՝ Հայաստանի Առաջին Հանրապետությունում. 1918-1920 

«….Ճակատամարտը շահված էր, Հայաստանը՝ փրկված. շղթաները ոտքի ելան և «ուռա» գոռալով առաջ վազեցին, իսկ թուրքերը խուճապի մատնվեցին, որովհետև նրանց թիկունքն անցած ջոկատը կրակ էր բացել պաշարակիր սայլերի և թիկունքի վրա։ Քիչ անց թուրքերը փախուստի դիմեցին՝ լքելով ամբողջ ռազմամթերքը, վիրավորներին ու սպանվածներին»։

Ալեքսանդր Շնեուր


Ոտքի էր կանգնել ողջ հայ ժողովուրդը՝ միասնականությամբ կերտելու ազգի փառապանծ էջերից կարեւորագույնը...

Ուրախություն ու ցնծությո՜ւն...

Սարդարապատի հերոսամարտը հայոց պատմության դարագլխում ո՛չ միայն հպարտության առիթ, այլեւ ապրելու եւ հարատեւելու իրավունքի արդար նվաճում էր՝ հաղթանակ։

1918 թվականը՝ մի նոր արշալույս հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ, երբ Սարդարապատի ոգեշնչող հաղթանակից հետո հիմնադրվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Այն մեր ժողովրդի եւ նրա քաղաքական ուժերի կամքի շնորհիվ ստեղծված եւ հայ ազգի հետագա պետականության կերտման համար վիթխարի դեր ունեցող իրողությունն է։ Իր ճակատագրին տեր կանգնեց ցեղասպանության ենթարկված մի ժողովուրդ՝ լինել միշտ միասնական ամենածանր պահերին սկզբունքով։ Մի խորհուրդ, որ սրբազան պատգամ է սերունդների համար, գերագույն արժեք՝ հայրենիքին անմնացորդ նվիրվելու եւ ծառայելու, ամուր հավատ ունենալու սեփական ուժերի հանդեպ։
Իր հայրենիքը վերագտել էր պատմական մի ազգ, որ կրծքի տակ անհանգիստ զարկերով ամեն օր կերտում է ազգային մշակույթ եւ արժեհամակարգ։

Թեեւ կարճատև, բայց էական ընթացքով Հայաստանի առաջին Հանրապետությունում ձեւավորվեց եւ աճ ապրեց նաեւ մշակութային կյանքը։ Զարգացման համար խիստ անբարենպաստ պայմաններում անգամ (սով, համաճարակ) Հայաստանի ղեկավարությունը հետևողական քայլեր ձեռնարկեց կրթական, մշակութային քաղաքականություն ձեւավորելու եւ հայ արվեստը զարգացնելու նպատակով։ Իսկ մինչեւ 1918 թվականը, ազգային մշակույթի կենտրոններից էին Թիֆլիսը, Բաքուն, Մոսկվան, Կ. Պոլիս, ինչպես նաեւ՝ Հնդկաստան, Ղրիմ եւ այլ հայաշատ գաղութներ։

Մշակութային կյանքի վերելքի համար ազգային անկախ պետականության վերականգնման օրերին կարեւոր գործոն հանդիսացավ հատկապես հայ ժողովրդի խանդավառությունը, լավատեսական սպասումները, հայրենիքին եւ ազգին ծառայելու անկեղծ ցանկությունը։
Հայաստանի նորաստեղծ անկախ կառավարությունը ծանր պայմաններ էր դիմագրավում. շուտափույթ լուծում էր պահանջում իր գոյության առաջին իսկ օրերից երկրի առջեւ ծառացած քաղաքական, սոցիալ-տնտեսական բազմաբնույթ խնդիրներին։ Եւ այնուամենայնիվ՝ ձեռնամուխ եղավ կրթության ու մշակույթի ազգային պետական գործընթացի իրականացմանը։

Նկար 1 - Հայաստանի համալսարան, Ալեքսանդրապոլ (Գյումրի), 1920թ.

Նկար 2 - Աբովյան 52 (Աստաֆյան). 1920 թվականից սկսել է գործել է Երևանի պետական համալսարանը

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵԱՆ­ՔԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆՈՒՄ 

1919-1920 թվականներին ահա, քայլեր ձեռնարկվեցին եւ վերականգնվեց նախկինում գործող կրթական համակարգը, ապա պետականցվեցին եւ ազգայնացվեցին եկեղեցական եւ ծխական դպրոցները։ Հաջորդաբար հրապարակվեցին դասագրքեր, կազմակերպվեցին մանկավարժական դասընթացներ։ Հայ իրականության մեջ հիմք դրվեց մանկավարժական թեքումով առաջին միջնակարգ մասնագիտական հաստատությանը՝ ուսուցչական ուսումնարանին։ Թեեւ առկա էին նյութական խնդիրներ՝ այնուհանդերձ հայ մանկավարժները, հայ ուսուցիչը այդ դժվարին կացության օրերին ժողովրդի առաջին խորհրդատուն ու պաշտպանն էր։ Նրանց շնորհիվ կազմակերպվում էին բազմաբնույթ մշակութային միջոցառումներ՝ կարեւոր դեր խաղալով հասարակական ու քաղաքական կյանքում։
Հաջորդիվ, 1919թ.-ի մայիսին, մայր հայրենիքում պատմական կարեւոր մի փաստաթուղթ ստորագրվեց՝ Երեւանի պետական համալսարանի հիմնադրման մասին որոշումը. նորանկախ Հայաստանում սկիզբ դրվեց բարձրագույն կրթությանը։ 1920ի հունվարին Ալեքսանդրապոլում բացվեց Հայաստանի համալսարանը՝ 262 ուսանող, 32 դասախոս, մեկ՝ պատմալեզվաբանական բաժնով։ Հաջորդ կիսամյակին արդեն այն տեղափոխվեց Երեւան՝ Աստաֆյան (Աբովյան) փողոց եւ վերանվանվեց՝ Երեւանի ժողովրդական համալսարան։ Ավելի ուշ, «Մայր բուհ»ի կարգավիճակ ստանալով, անվանվեց Երեւանի պետական համալսարան։ Դասախոսում էին արտասահմանյան կրթություն ստացած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող անվանի մասնագետներ՝ Մանուկ Աբեղյանը, Աշխարհբեկ Քալանթարը, Հակոբ Մանանդյանը, Ստեփան Մալխասյանցը, Գարեգին Եպիսկոպոս Հովսեփյանը եւ ուրիշներ։

Կառավարության եւ նախարարությունների ջանքերով 1919-1920 թվականներին Հանրապետության տարբեր քաղաքներում եւս հիմնվեցին ուսումնական հաստատություններ։ Ինչպես նաեւ, չափահաս բնակչության կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով, կազմակերպվեցին ժողովրդական համալսարաններ՝ գրաճանաչություն եւ գրագիտակական դասընթացներով։ Հատկապես նշանակալի իրադարձություն էր այդ տարիներին՝ Հայերենը, որպես պետական լեզու ճանաչելու որոշման ընդունումը։

Նկար՝ Երևանի Արական գիմնազիայի գրադարան (Ամիրյան փ., 1832)։ 1919-1921 թթ-ին գրադարանի առաջին տնօրեն Ստեփան Կանայանի ջանքերով հաջողվում է հավաքել, գնել և ժողովել Թիֆլիսի, Բաքվի, Ախալցխայի և Կարսի հայկական կազմակերպությունների, ընկերությունների, ուսումնական հաստատությունների գրադարանները և դրանք տեղափոխել Երևան։ 

 

Հաջորդապես, վերականգնվեց գրադարանային ցանցի կազմակերպումը, եւ սկսեցին գործել գրարարան-ընթերցարաններ՝ հիմք հանդիսանալով Ազգային պետական գրադարանի հիմնմանը հետագայում։ Պետական միջոցների եւ համայն հայության նվիրատվությունների շնորհիվ համալրվեց ազգային գրադարանի գրքային հավաքածուն, ապա առաջընթաց ապրեց գրահրատարակչությունը՝ շուրջ երկու տասնյակ գրքերի տպագրությամբ։ Ստեղծվեց Հայ գրական ընկերություն՝ իր շուրջ համախմբելով գրողների, երիտասարդ նորահայտ տաղանդների՝ նպատակ հետապնդելով աշխուժացնել գրական, ստեղծագործական կյանքը։

Պարբերական մամուլը նույնպես ծաղկում ապրեց Առաջին Հանրապետության տարիներին. լրագրական ու ստեղծագործական կյանքը բուռն ընթացք ստացավ հասարակական-քաղաքական կյանքին զուգընթաց։ Երեւանում լույս տեսավ մոտ 60 անուն պարբերական։ Էջմիածնում, Ալեքսանդրապոլում, Գորիսում, Կարսում նույնպես նորանոր թերթեր լույս ընծայվեցին՝ պաշտոնական, կուսակցական և անկախ-անկուսակցական։

Մայր հայրենիքում Առաջին Հանրապետության օրոք
ազգային մշակույթի եւ կրթության զարգացման նպատակով կատարված աշխատանքները հիմք հանդիսացան հետագա տարիների գործունեությանը՝ Հայոց պատմության հաջորդ փուլերում։

Ազգային պետական թանգարան, ազգային պատկերասրահ հիմնելու աշխատանքներ եւս տարվեցին՝ համագործակցությամբ Հայ ազգագրական ընկերությունների, որոնք թանկարժեք հավաքածուներ էին նվիրում հիմնադրվելիք մշակութային հաստատություննրին։
1920ին հիմնվեց հնությունների պահպանության կոմիտեն՝ Հանրապետության տարածքում պատմական հուշարձանների պահպանությունը կազմակերպելու նպատակով, որի ընթացքում կատարվեցին հնադարանների ստեղծման, պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման, գիտական աշխատանքներ։

Նկար՝ Եսայի Ջանփոլադյանի թատրոն (Սպայի տուն) 

 

Մեծ խանդավառությամբ, 1919 թվականի մայիսին, Առաջին Հանրապետության տարեդարձի առիթով, Թիֆլիսում հիմնադրված հայ արվեստագետների միության կազմակերպությամբ Երեւանում տեղի ունեցավ հայ նկարիչների ցուցահանդես։ Ներկայացվեց շուրջ 260 աշխատանք, այդ թվում՝ Վահրամ Գայֆեճյանի, Փանոս Թերլեմեզյանի, Սարգիս Խաչատուրյանի, Հակոբ Կոջոյանի, Մարտիրոս Սարյանի եւ այլոց ստեղծագործությունները։
Հայաստանի կառավարությունը մտահոգված էր եւ քայլեր էր ձեռնարկում ազգային արվեստը խրախուսելու, կարիքավոր հայ նկարիչներին ու քանդակագործներին օժանդակելու հարցում։ Պետական թանգարան հիմնելու նպատակներից մեկն էլ այդ երեւանյան պատկերահանդեսից կառավարության կողմից գնված ցուցանմուշները այնտեղ ամփոփելու անհրաժեշտությունն էր՝ ազգային կերպարվեստի գանձերը զետեղելու մեկ հարկի տակ։

Արտերկրի արվեստագետների հետ շփման, ինչպես նաեւ օտար երկրներում հայ ստեղծագործողներին հայրենիքի հետ միավորելու նպատակով իրականացվում էին նաեւ հյուրախաղեր։ Ապա կազմակերպվեցին խմբավարական եւ դերասանական դասընթացներ։ Այս ընթացքում նոր շնչով ձեւավորվող Հայաստանի թատերական կյանքում մեծ դեր ունեցավ ականավոր դերասան եւ հայ բեմի վարպետ Հովհաննես Զարիֆյանը. «Որպես Երեւանի թատերական կյանքը կազմակերպող
առաքյալ» բնութագրեցին նրան՝ 1918–1920ին։ Նրա գործունեության շնորհիվ մեկնարկեցին ներկայացումներ Երեւանի Ջանփոլադյանների թատրոնում (1918)՝ իր իսկ ղեկավարությամբ՝ Ավետիս Ահարոնյանի «Արցունքի հովիտը», Ալեքսանդր Դյումա-ավագի «Քինը», Գերհարդ Հաուպտմանի «Էլգան» եւ մի շարք այլ ներկայացումներով: Թատերախումբը 1920ին հանդես եկավ Ալեքսանդրապոլում (Գյումրի)՝ ընդլայնելով խաղացանկը հայ եւ օտարազգի հեղինակների թատերգություններով՝ Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո», «Լիր արքա», «Համլետ», Հենրիկ Սենկեւիչի «Հո՞ երթաս», Կարլ Գուցկովի «Ուրիել Ակոստա», Լևոն Շանթի «Հին աստվածներ», Լեռ Կամսարի
«Կասկածի պտուղը», Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար» եւ այլ։
Երեւանում բացվեցին այլ՝ դրամատիկական դասընթացների աշխատանոցներ եւս, որտեղ դասավանդում էին գրող Վրթանես Փափազյանը, դերասան Վարդան Միրզոյանը, գրականագետ եւ արվեստի քննադատ Գարեգին Լևոնյանը եւ այլք։
1919ին նշանավոր դերասան եւ բեմադրիչ Օվի Սեւումյանը Հայաստանում մշտական պետական թատրոն հիմնելու դիմում է ներկայացնում հանրապետության Լուսավորության եւ արվեստի նախարար Նիկոլ Աղբալյանին՝
այդօրինակ թատրոն ստեղծելու առաջարկությամբ, սակայն 1920 թվականին նրա անժամանակ մահը խաթարում է այս կարեւոր նախաձեռնությունը։

Նկար 1- Ձախից` Կարո Զաքարյան, Անուշավան Տեր-Ղևոնդյան, Ալեքսանդր Սպենդիարյան, Սարգիս Բարխուդարյան, Վարդգես Տալյան

Նկար 2 - Ալեքսանդր Թամանյան

Նկար 3 - Օվի (Հովհաննես) Սեւումյան՝ հայ բեմադրիչ, թատերական գործիչ, Կովկասի հայկական թատրոնների դերասան 

 

Հանրապետությունում երաժշտական մշակույթային կյանքը նույնպես դժվարին պայմաններում էր. Ռուսաստանից, Վրաստանից եւ արտերկրից հյուրախաղերով ժամանած խումբերի ելույթներով էր պայմանավորված մայրաքաղաքի մշակութային աշխուժությունը։ Կարիք կար հիմնելու երաժշտական դպրոցներ, օպերային թատրոն, սիմֆոնիկ նվագախումբ։ Եւ ահա այս ընթացքում շոշափելի դեր խաղաց անվանի երգահան Սարգիս Բարխուդարյանը՝ երբ 1919ին նա ստեղծեց Երևանի քառաձայն երգեցիկ խումբը, ապա համերգներով հանդես եկավ Երեւանում եւ հարակից շրջաններում։ Նա նաեւ ձեռնամուխ է լինում մայրաքաղաքում բարձրագույն երաժշտական կրթարան (կոնսերվատորիա) հիմնելու նախաձեռնությանը. դիմում է ներկայացնում եւ կառավարության որոշմամբ կոնսերվատորիայի շենք է հատկացվում, հաստատվում է կանոնադրությունը, սակայն որոշ պատճառներով նախագիծը մնում է անավարտ:
Ճարտարապետության զարգացմանը հայրենիքում զարկ տալու նպատակով՝ հայ ժամանակակից ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանը հիմնում է Գլխավոր ճարտարապետի վարչություն եւ ծավալում կարճատեւ գործունեություն 1919ի հոկտեմբերից մինչեւ 1921ի ապրիլը։ Այդ ժամանակահատվածում նա Երեւանի վերակառուցման եւ զարգացման գլխավոր հատակագծի վրա է աշխատել, հիմնել եւ ղեկավարել է Հնությունների պահպանության կոմիտեն եւ մշակել է Հայաստանի զինանշանը։ Ապա բոլշեւիկյան բռնապետության եւ հայ մտավորականության համատարած ձերբակալության օրերին, նույն ճակատագրին չարժանանալու մտահոգությամբ մեկնել է Պարսկաստան։ Հետագայում, Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերով նա վերադարձել է եւ շարունակել իր գործունեությունը Երեւանում՝ մինչ ի մահ։

Հայաստանի առաջին Հանրապետության պետական խորհրդանիշները՝ դրոշ, զինանշան, դրամանիշներ եւ դրոշմապիտակներ մշակեցին եւ նախագծեցին հայ արվեստագետները՝ Ա. Թամանյան, Հ. Կոջոյան, Արշակ Ֆեթվաճյան, Մարտիրոս Սարյան։

Մեծ շուքով է նշվել նաեւ Առաջին Հանրապետության տարեդարձը Հայաստանի բոլոր քաղաքներում եւ հատկապես արտակարգ շքեղ՝ Երեւանում: Քաղաքի ձևավորման աշխատանքները ղեկավարել է ճարտարապետ Ա. Թամանյանը. հարդարման համար օգտագործվել են գորգեր, ծաղիկներ, ծաղկեճյուղեր, տոնական հաղթակամար՝ Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցում. «Խորհրդարանը, գիմնազիայի նոր շենքը, քաղաքապետարանը, պետական հիմնարկություններն ու մասնավոր տները թաղված էին ծառերի ոստերի ու ծաղիկների, գորգերի ու դրոշակների մեջ»,- Սիմոն Վրացյանի հուշերից: Հանդիսավոր շքերթին մասնակցել է քաղաքի բնակչությունը, որոնք կրել են իրենց դասը խորհրդանշող գույնզգույն դրոշներ: Մայրաքաղաքում տիրող ոգեւորությունը ավարտվել է կեսգիշերին՝ գունագեղ հրավառությամբ:

Հայաստանում Առաջին Հանրապետության երկուսուկես տարիների ընթացքում ազգային պետականությունը զարթոնք ապրեց։ Մշակութային կյանքը ծաղկեց ու հաստատուն քայլերով հիմնավորվեց, որի բնականոն զարգացումը պայմանավորված էր ազգային պետականության համեմատաբար
հարատեւ գոյության պայմաններում: Այնուամենայնիվ, այն հիմք հանդիսացավ եւ վերելք ապրելու հնարավորություն ստացավ խորհրդային տարիներին։

Այսօր, Հայաստանի երկրորդ անկախ հանրապետությունը շարունակում է ապրել 1918-1920 թվականներին՝ Հայաստանի առաջին անկախ հանրապետության տարիներին հիմք դրված՝ ի՛ր զարթոնքը:

Մարիա Մարկոսյան

Նյութի աղբյուր՝ www.yelaket.am 

Author's cover photo
Ամսաթիվ 28 / Մայիս / 2020 : 13-22
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 48997անգամ
Վերջին լուրեր