01 / Հունիս / 2020 : 17-07

Zoom-ի շուկայական արժեքը գերազանցել է 50 մլրդ դոլարը

Նոր տեսակի կորոնավիրուսային համավարակի ֆոնին զանգվածային տարածում գտած Zoom տեսակոնֆերանսների հավելվածի շուկայական գինը գերազանցել է 50 մլրդ դոլարը, ինչի մասին վկայում են առևտրային բորսաների տվյալները:

Մայիսի 29-ին NASDAQ բորսայում ընկերության արժեթղթերի գինն աճել է 9,74%-ով՝ հասնելով մեկ արժեթղթի համար 179,48 դոլար ցուցանիշի: Դրա արդյունքում ընկերության շուկայական գինը հասել է 50,61 մլրդ դոլարի, գրում է ria.ru-ն:

Ըստ ոլորտի փորձագետների հաշվարկի՝ ընթացիկ տարում Zoom-ի շուկայական արժեքն ավելացել է 30 մլրդ դոլարով: Ենթադրվում է, որ համավարակի երկարելուն զուգընթաց դրա օգտատերերի թիվն ու եկամուտների ծավալները կշարունակեն աճել:

Հայտնի է, որ Zoom հավելվածի ստեղծող Էրիկ Յուանի ունեցվածքը գարնան առաջին երկու ամսում աներևակայելի աճ է գրանցել: Zoom-ի գործադիր տնօրենի կարողությունն ավելացել է 77%-ով՝ 3,5 մլրդ դոլարից հասնելով 8 մլրդ-ի:

Պատճառը համավարակի ընթացքում Zoom հավելվածի ահռելի պահանջարկն է: Հայտնի է, որ այս օրերին կարանտինում գտնվող միլիոնավոր մարդիկ հենց այս ծրագրի միջոցով են տնից աշխատում, մասնակցում հեռավար դասընթացների և պարզապես շփվում:

Դիտվել է 10743անգամ
Վերջին լուրեր