Մեքսիկայում բացատրել են հնագույն բուրգերի կառուցման պատճառը
Մեքսիկայի մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի գիտնականները բացատրել են Մեզոամերիկայի հնագույն բնակիչների կողմից բուրգերի կառուցման պատճառը: Հետազոտական աշխատանքների համառոտ հաշվետվությունը հրապարակվել է ինստիտուտի կայքում:
Ուսումնասիրելով Մեքսիկայում հայտնաբերված հայտնի շինությունները՝ հետազոտողները եկել են այն եզրակացությանը, որ բուրգերը լեռների «սուրբ պատճեններն» են եղել: Նրանց կարծիքով՝ հնագույն ժողովուրդները նմանակել են բնությանը, որտեղ հանդիպել են բրգաձև պատկերների։
Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ Մեզոամերիկայի (ժամանակակից Կենտրոնական Ամերիկայի տարածքը) նախաիսպանական հասարակությունները ձգտում էին ոչ միայն տեսողական կերպով վերստեղծել նման բնական օբյեկտները, այլև դրանց մեջ ինչ-որ սրբազան իմաստ ներդնել: Հենց այդ պատճառով էլ բուրգերը հնագույն քաղաքների կենտրոններն էին։