Apple-ն արգելափակում է ԱՄՆ-ում բողոքի ակցիաների ժամանակ գողացված սմարթֆոնները

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը հետևում և արգելափակում է երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի ժամանակ գողացված սմարթֆոնները, հայտնում է CNN-ը։
Աղբյուրը մանրամասնում է, որ գողացված հեռախոսներին Apple ընկերության կողմից ուղարկված հաղորդագրությունների «սքրինշոթերը» այս շաբաթ սկսել են սոցցանցերում հայտնվել։ Դրանցում ընկերությունը տեղեկացնում է, որ հեռախոսն արգելափակված է, գտնվում է վերահսկողության տակ, ուստի՝ խնդրում է ապրանքը վերադարձնել խանութ, որի հասցեն նույնպես հաղորդագրության մեջ նշվում է։
Հեռուստաալիքը ներկայացրել է ծանուցումներից մեկի օրինակը, որում ասվում է. «Սարքն անջատվել է և հսկողության տակ է գտնվում։ Տեղական իշխանությունները կտեղեկացվեն այս մասին»։
Հայտնի է, որ կորոնավիրուսային համավարակի հետևանքով փակված բրենդային խանութներն ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում տեղի ունեցած անկարգություններից ընդամենը մի քանի օր առաջ էին վերսկսել իրենց գործունեությունը։ Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում, Վաշինգտոնում գտնվող խանութներից որոշները հայտնել են կողոպուտի և վանդալիզմի դեպքերի մասին։