04 / Հունիս / 2020 : 14-22

Հնագետները հայտնաբերել են մայաների կառուցած ամենահին ու ամենամեծ համալիրը

Գիտնականները Մեքսիկայում հայտնաբերել են մայաների քաղաքակրթության ամենահին և ամենամեծ կառույցը, որը հայտնի է մեր օրերում:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Nature ամսագրին, հնագետներն ավանդաբար կարծել են, որ մայաների քաղաքակրթությունն աստիճանաբար է զարգացել. նախ մ.թ.ա. 1000-350 թվականներին հայտնվել են ոչ մեծ գյուղերը, այնուհետև մարդիկ սկսել են օգտագործել կերամիկա և սովորել են եգիպտացորեն աճեցնել: Սակայն ավելի վաղ Գվատեմալայում հնագույն ծիսակարգային կենտրոնի հայտնաբերումը, որը թվագրվում է մ.թ.ա. 950 թվականին, այդ միտքը կասկածի տակ է դրել:

Այժմ Արիզոնայի համալսարանի ամերիկացի հնագետները Մեքսիկայի Տաբասկո քաղաքում՝ Գվատեմալայի սահմանից ոչ հեռու, նույն ժամանակահատվածին պատկանող հսկայական ստորգետնյա հուշարձան են հայտնաբերել 1413 մետր երկարությամբ հյուսիսից հարավ ընկած կողմում, 399 մետր՝ արևելքից արևմուտք ընկած հատվածում:

Ստորգետնյա կառույցը գիտնականները հայտնաբերել են հեռավար լազերային սքանավորման տեխնոլոգիայի միջոցով, որն իրականացվել է օդային տարածքից:

Այնուհետև գիտնականները պեղումներ են կատարել և 69 նմուշ են հայտնաբերել, որոնք հնարավոր է ռադիո-ածխածնային մեթոդով թվագրման ուսումնասիրության ենթարկել: Այդ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համալիրը կառուցվել է մ.թ.ա. 1000-800 թվականների հատվածում: Այդպիսով, այն դառնում է մայաների կառուցած ամենահին մոնումենտալ կառույցը, ինչպես նաև ամենամեծը: Հայտնագործությունը ստիպում է նորովի ուսումնասիրել մայաների քաղաքակրթության վաղ ժամանակաշրջանը:

Դիտվել է 6619անգամ
Վերջին լուրեր