17 / Հունիս / 2020 : 15-57

Ծանոթությունների համար նախատեսված հավելվածներից հարյուր հազարավոր օգտատերերի անձնական տվյալների արտահոսք է տեղի ունեցել

Կիբեռանվտանգության գծով փորձագետներ Նոամ Ռոթեմը և Ռան Լոքարը ծանոթությունների համար նախատեսված հավելվածներից հարյուր հազարավոր օգտատերերի անձնական տվյալների արտահոսք են հայտնաբերել, գրում է VpnMentor պորտալը։

Նշվում է, որ տվյալների արտահոսքի զոհ են դարձել ինչպես «ավանդական» հետերոսեքսուալ ծանոթությունների համար նախատեսված հավելվածները, այնպես էլ հատուկ ծրագրերը։ Փորձագետները նման հավելվածներից նշում են 3somes, Cougary, Xpal, BBW Dating, Casualx, SugarD, Herpes Dating, GHunt և այլն։

Ընդհանուր առմամբ հրապարակվել է մոտ 845 գիգաբայթ ծավալով տեղեկություն՝ այդ թվում և մերկ լուսանկարներ, աուդիոձայնագրություններ, նամակագրություն, ինչպես նաև բանկային քարտերի և գրանցման ժամանակ պահանջված տվյալներ (անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ, էլեկտրոնային հասցե)։

Այս բոլոր տեղեկությունները պահպանվել են Amazon Web Services-ում, սակայն կարգավորումներն այնպես են ընտրվել, որ տվյալները տեսանելի են եղել բոլորի համար։ Փորձագետները հետագայում բացահայտել են, որ բոլոր ծրագրերը Cheng Du New Tech Zone-ին են պատկանում, փորձել են կապ հաստատել վերջինիս հետ, բայց պատասխան չեն ստացել։ Նշվում է, որ հաջորդ օրը Cheng Du New Tech Zone-ին ուղարկված նամակից հետո տվյալները փակվել են։

Միևնույն ժամանակ SecAtor թելեգրամյան ալիքը նշել է, որ ծանոթությունների համար նախատեսված թվարկված բոլոր հավելվածներն այնպես են մշակվել, որ դրանց հեղինակն ամբողջական հասանելիություն է ունեցել բոլոր այն անձնական տեղեկություններին, որոնցով փոխանակվել են օգտատերերը։

«Ինչի՞ համար է դա արվում։ Այս կամ այն օգտատիրոջ մասին հեղինակազրկող տեղեկություններ հավաքելու համար։ Ո՞վ գիտի՝ գուցե տարեց կանանց նախընտրողների շարքում ամերիկացի ամրակազմ զինվորական, կամ ֆետիշիստներ մեջ եվրոպացի քաղաքական գործիչ լինի»,-ասվում է SecAtor ալիքում։

Դիտվել է 23793անգամ
Վերջին լուրեր