25 / Հունիս / 2020 : 15-33

Նոր BMW մեքենաների դռները հնարավոր կլինի բացել iPhone-ի միջոցով

Գերմանական BMW ընկերությունն ամերիկյան Apple-ի հետ համատեղ թվային բանալու (Digital Key) նոր գործառույթ է մշակել, որի շնորհիվ ընկերության արտադրության բոլոր նոր մեքենաների դռները հնարավոր կլինի ոչ թե բանալու, այլ հեռախոսի միջոցով բացել, հայտնում է motor.ru կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ WWDC-ի ընթացքում Apple ընկերությունը iOS օպերացիոն համակարգի նոր տարբերակն է ներկայացրել, որում վիրտուալ բանալիներ պատրաստելու և այն Wallet հավելվածում ներառելու հնարավորություն է հայտնվել․ ճիշտ այնպես, ինչպես ինքնաթիռի տոմսերի և բանկային քարտերի հետ կատարվող գործողությունների պարագայում։

Այս միջոցով հնարավոր է արգելափակել/ ապաարգելափակել ավտոմեքենաների դռները, ինչպես նաև միացնել շարժիչը։ Սմարթֆոնի և մեքենայի միջև կապը պահվում է NFC տեխնոլոգիայի միջոցով (Near Field Communication՝ մոտ տարածության վրա կապ), իսկ վարորդից միայն պահանջվում է հեռախոսը դռան բռնակին մոտեցնել (Apple Pay-ի օգնությամբ վճարումներ կատարելու պես)։

Նշվում է, որ վիրտուալ բանալիները ստանդարտ են լինելու BMW-ի ամբողջ մոդելային շարքի համար, սակայն այս գործառույթը հասանելի է լինելու միայն այս տարվա հուլիսի 1-ից հետո թողարկված մեքենաների համար։ Վիրտուալ բանալուց կարող են օգտվել iPhone XR, iPhone XS կամ ավելի նոր մոդելների և Apple Watch Series 5-ի տերերը։

 

Դիտվել է 10919անգամ
Վերջին լուրեր