Դու իմ կյանքի ամենամեծ ներշնչանքի աղբյուրներից մեկն ես եղել. Տաթևիկ Ռևազյանը Կարեն Վարդանյանի մասին
yelaket.am-ը արդեն տեղեկացրել է, որ մահացել է Հայաստանի «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (UATE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում այս առիթով գրել է.
«Թանկագին Կարեն,
Ես ուղղակի չեմ կարողանում հավատալ այն փաստին, որ մենք ունեցանք մեր վերջին խոսակցությունը:
Դու իմ կյանքի ամենամեծ ներշնչանքի աղբյուրներից մեկն ես եղել: Ինձ պատմած քո պատմությունները, թե ինչպես էիք կառուցում ՏՏ ոլորտը Հայաստանում, ինձ վրա շատ մեծ ազդեցություն են թողել: Քո պատմությունները ինձ սովորեցրեցին հասկանալու, թե ինչպես մի քանի նվիրված մարդիկ կարող են փոխել մի ամբողջ ոլորտ:
Դու ինձ սովորեցրեցիր, թե ինչպես հասնել մեծ նպատակների՝ քիչ ռեսուրսներով, վառ երևակայությամբ և ստեղծագործական մտքով:
Դու ինձ ցույց տվեցիր, թե ինչպես պետք է սիրել Հայաստանը առանց նախապայմանների: Դու բացեցիր իմ աչքերը տեսնելու այն հիանալի կարողությունները, որ Հայաստանի ամենահեռավոր գյուղերում ունեն մեր երեխաները: Դու երբեք չես կասկածել ինձանում, երբեք չես կասկածել երիտասարդների ուժի մեջ:
Միշտ գտել ես ժամանակ հանդիպելու և կիսվելու քո գիտելիքներով:
Հիմա մենք այն բախտավոր մարդկանցից ենք, ովքեր մեծ պատիվ ունեն քեզ ճանաչելու և մեծ պարտավորություն քո գործը շարունակելու: Մեր փոքրիկ Մոնթեան նույնպես կմեծանա քո թողած հսկայական գործը հիշելով և դրանով կրթվելով: Պարույրը և ես անհամբերությամ էինք սպասում այն օրվան, երբ քեզ կծանոթացնեինք Մոնթեային:
Սրտանց շնորհակալ եմ: Ցավակցություններս քո ընտանիքին և մեր երկրին»: