05 / Ապրիլ / 2020 : 18-27

«Փրկություն» տնից աշխատողների համար․հայ մասնագետների ստեղծած՝ միջազգային ճանաչում ունեցող հավելվածը
 

Առցանց հաղորդակցության ժամանակ միջավայրի աղմուկը վերացնող՝ հայ մասնագետների ստեղծած krisp հավելվածը համաշխարհային պանդեմիայի օրերին միջազգային լայն ճանաչում է ստացել։

«Եթե ծրագիրը իմ մոտից միացած է, ինչպիսի աղմուկ էլ լինի, միայն իմ զրուցակցի մոտ իմ ձայնն է լսվում։ Մարտին ներբեռնումները շատացել են 10 անգամ, պատճառն այն է, որ տնից աշխատողների թիվն է դարձել մի քանի հարյոր միլիոն՝ համեմատած փետրվարի հետ։ Հավելվածը շատ օգտակար է, քանի որ ունի նաեւ ֆունկցիա, որով եթե իմ զրուցակցի մոտ աղմուկ է, ես ունենալով krisp,կարող եմ աղմուկը անջատել իմ մոտից եւ միայն իր ձայնը լսել»,- NEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը:

krisp-ը 10 հազար նոր ներբեռնում էլ ունեցել է Հայաստանում այն բանից հետո, երբ արտակարգ դրությամբ պայմանավորված՝  ընկերության հիմնադիրները որոշել են այն 6 ամսով անվճար դարձնել Հայաստանցիների համար։

Արտավազդ Մինասյանը ընկերոջ հետ հավելվածը ստեղծել է 3 ու կես տարի առաջ։

«Ընկերներիցս մեկի հետ առավոտ շուտ սուրճ էինք խմում, աղմուկի հեռացման տեխնոլոգիա ստեղծելու միտքը տվեց, սկսեցի դրա վրա աշխատել, շուտով ինքն էլ միացավ ու 2017թ․ հոկտեմբերին ստեղծեցինք ընկերությունը, հիմա հարյուր հազարավոր օգտագործողներ ունենք ամբողջ աշխարհից՝ հիմնականում ԱՄՆ-ից ու Եվրոպայից»,- նշեց Արտավազդը։

Հավելվածն օգտագործում են հարյուրավոր խոշոր ընկերություններ, այն 2018թ․ լավագույնն է ճանաչվել  միջազգային մրցույցներից մեկում։ Krisp-ի թիմը երկու հոգանոցից դարձել է 50 հոգանոց, որոնց մի մասն էլ արտերկրից ընկերությանը միացածներն են։ Այս պահին հիմնադիրներն աշխատում են ԱՄՆ-ի բջջային երկրորդ ամենամեծ օպերատորի հետ ներդրումային ծրագրի ավարտի վրա։

Դիտվել է 521անգամ
Վերջին լուրեր