07 / Ապրիլ / 2020 : 15-11

Թրամփը Լուսնի ռեսուրսներն օգտագործելու ԱՄՆ-ի իրավունքի մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լուսնի ռեսուրսներն օգտագործելու ԱՄՆ-ի իրավունքի մասին հրամանագիր է ստորագրել, հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

 
«ԱՄՆ քաղաքացիներն օրենսդրությանը համապատասխան պետք է իրավունք ունենան տիեզերքում առևտրային հետազոտություն, ռեսուրսների արդյունահանում և օգտագործում իրականացնել»,- ասված է հրամանագրում։

Դրա հետ մեկտեղ փաստաթղթում նշվում է, որ տիեզերքն ինչպես իրավաբանորեն, այնպես էլ ֆիզիկապես «բացառիկ տարածք է մարդու գործունեության համար, և ԱՄՆ-ն այն չի դիտարկում որպես հանրային սեփականություն», ուստի երկրի քաղաքականությունը պետք է ուղղված լինի «տիեզերքում ռեսուրսների արդյունահանման և օգտագործման միջազգային աջակցության խթանմանը»։

Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության մասին համաձայնագրում, որն ընդունվել է 1979 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից, նշվում է, որ արբանյակի հետազոտումն ու օգտագործումը համարվում է ողջ մարդկության սեփականությունը և իրականացվում է աշխարհի բոլոր երկրների շահերից ելնելով: Պետությունները, որոնք զբաղվում են Լուսնի ուսումնասիրությամբ, պետք է առաջնորդվեն համագործակցության և փոխօգնության սկզբունքներով:

Դիտվել է 10327անգամ
Վերջին լուրեր