Ո՞վ է երեխաներին դաժան ծեծի ենթարկել. պա՞պը թե՞ հորաքույրը. ինչ պայմաններում են ապրել երեխաները. մանրամասներ
Դաժան ծեծի ենթարկված երեխաները Տավուշի մարզի Խաշթառակ համայնքից են. ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ նրանց ծեծի է ենթարկել հորաքույրը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խաշթառակի համայնքապետ Անդրանիկ Վիրաբյանը։
«Ո՞վ է ասում, որ պապն է ծեծի ենթարկել, նման բան, վստահ եմ, չկա։ Պապը շատ խելոք, խեղճ մարդ է, դժվար նման բան աներ։ Վարկածներ կան, որ իրենց հորաքույրը կարող էր նման քայլի գնալ։ Պապը գյուղի բնակիչների հայաթներում գործ էր անում, օրվա հացը վաստակում էր։ Հորաքույրը 4-5 երեխա ունի, ամուսնացած բաժանված է, մտավոր խնդիրներ ունի»,- ասաց համայնքապետը։
Վիրաբյանն ասաց, որ երեխաներն ունեն ծնողներ. «Հայրը երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, խելքից նորմալ չի, մայրն էլ հոգեկան խնդիրներ ունի։ Մի անգամ տարել ենք երեխաներին մանկատուն, այնտեղից հորաքույրը գնացել ու հետ է բերել, որ փարոս ստանա։ Տատիկն ու պապիկն էլ խեղճ մարդիկ են, հորաքրոջից էլ վախենում են։ Երեւի վախենում են ասեն, որ իրենց աղջիկն է արել։ Շատ վատ երեւույթներ կան այդ ընտանիքում, չեմ ուզում մասնամասնել»։
Համայնքապետը նշեց, որ պատրաստվում են ընտանիքի բոլոր երեխաներին ուղարկել մանկատուն. «Հաճախակի էին հարեւանները տան կողքից աղմուկ լսում»։
Նշենք, որ 6-ամյա երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բկ-ում։ Վիճակը ծայրահեղ ծանր է, ունի բազում վնասվածքներ, անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար:
Կարդացեք նաև