Ռուսաստանում ավարտվել է տիեզերքից գովազդի ցուցադրման համար նախատեսված լազերների փորձարկումը

Վերնոլորտում (ստրոտոսֆերա) փորձարկվել է տիեզերական սարքերի համար նախատեսված լազերների բլոկը, որը կարող է գովազդներ ցուցադրել տիեզերքից: Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են Avant Space ընկերության մամուլի ծառայությունից:
«Լազերների բլոկը բաց է թողնվել վերնոլորտ 30 կմ բարձրության վրա` տիեզերական պայմաններին ավելի մոտ հատվածում լույսի աղբյուրի նախագծային հզորության մակարդակը հաստատելու համար»,-նշել են ընկերությունում:
Ծրագրի մշակողը նշել է, որ փորձի արդյունքում հաստատվել են բոլոր հաշվարկները:
«Արբանյակներից բաղկացած ապագա արհեստական համաստեղությունը կդառնա գիշերային երկնքի ամենապայծառ աստղը՝ համեմատելի Վեներայի պայծառության հետ»,-պարզաբանել են մամուլի ծառայությունից:
Ընկերությունն ընդգծել է, որ սարքավորումների լուսարձակումը խնդիրներ չի ստեղծի աստղագետների դիտումների համար: «Արբանյակների լազերները միացված կլինեն միայն մոլորակի խոշոր մեգապոլիսների վրայով թռիչքի ժամանակ և մշակված են այնպես, որ քաղաքներից այն կողմ չանցնեն»,-հավելել են մամուլի ծառայությունում:
Համաստեղությանը հետևել հնարավոր կլինի բջջային հավելվածի միջոցով, որն այժմ մշակման փուլում է: