17 / Սեպտեմբեր / 2020 : 19-12

Իտալացիները ներկայացրել են Ferrari Portofino կաբրիոլետի նորացված և հզորացված տարբերակը

Իտալական Ferrari ընկերությունն առցանց միջոցառման ժամանակ ներկայացրել է Portofino մակնիշի կաբրիոլետի կատարելագործված տարբերակը՝ Portofino M-ը, որը նոր դիզայն է ստացել, ինչպես նաև ավելի հզորացել է:

Ինչպես հաղորդում է motor.ru-ն, երկդռնանի մոդելի անվանն ավելացած М տառը նշանակում է Modificata («փոփոխված»): Ընկերությունում այսպես բնորոշում են կատարելագործումների ենթարկված մոդելները: Գլխավոր տեխնիկական թարմացումն առնչվում է 3,9 լիտր աշխատանքային ծավալով, V8 տուրբոշարժիչի հետ, որի հզորությունը բարձրացվել է 20 ձիաուժով և այժմ կազմում է 620: Արտանետման համակարգը համալրել են նոր զտիչով՝ մեքենան համապատասխանեցնելով Euro-6 էկոլոգիական չափանիշներին:

Փոխանցման տուփը ևս թարմացվել է. յոթաստիճան «ռոբոտացված» տարբերակին փոխարինելու է եկել ութաստիճան փոխանցման տուփը: 100 կմ/ժամ արագությունը կաբրիոլետը զարգացնում է 3,45 վայրկյանում՝ նախկին 3,5-ի փոխարեն: Առավելագույն արագությունը կազմում է 320 կմ/ժամ:

Սրահում տեղադրված է 2 առանձին էկրաններով կառավարման վահանակը և հորիզոնական 10,25 դյույմ անկյունագծով սենսորային էկրանով մուլտիմեդիա համակարգը:

Դիտվել է 8391անգամ
Վերջին լուրեր