19 / Սեպտեմբեր / 2020 : 16-48

Լեդի Գագայի նոր տեսահոլովակը` Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մոտիվներով և հայերեն գրություններով

Հայտնի մեգաաստղ, 11 «Գրեմիի» և 1 «Օսկարի» արժանացած երգչուհի Լեդի Գագան ներկայացրել է «911» երգի հիման վրա նկարահանված իր նոր տեսահոլովակը, որը Հայաստանում ավելի մեծ արձագանք գտավ. այն նկարահանվել է հայազգի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մոտիվներով:

Տեսահոլովակում  զգացվում է հայկական շունչը։ Կադրերից մեկում կարելի է տեսնել ոստիկանական ժապավենի վրա գրված «Զգուշություն» բառը, որն անգլերեն Caution-ի բառացի թարգմանություն է:

Տեսահոլովակի ընթացքում Լեդի Գագան ներկայանում է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հերոսուհի Սոֆիկո Չիաուրելիի կերպարում: 

 

 

Հետո պարզվում է, որ Լեդի Գագան վթարի է ենթարկվել և բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը: Այն ամենը, ինչ եղել էր մինչև այդ, երազ էր` կազմված նրա վերջին հիշողություններից: Տեսահոլովակի վերջում երևում է նաև «Հայկական ֆիլմերի փառատոն» գրությամբ պաստառը:

Լեդի Գագան ասել է, որ տեսահոլովակն իր համար ցավի պոեզիա է. «Ռեժիսոր Թարսեմ Սինգհն ինձ հետ կիսվել է 25 տարվա վաղեմության գաղափարով: Այն, ինչ ինչ-որ պահի իմ առօրյան էր, հիմա տեսահոլովակ է դարձել»:

 

Հոլովակի ռեժիսորը հնդկական ծագում ունեցող Թարսեմ Սինգհն է: Նա տարբեր առիթներով ասել է, որ Սերգեյ Փարաջանովը իր ոգեշնչման աղբյուրներից մեկն է:

Տեսահոլովակի հերոսների կերպարների մի մասը ստեղծել է հայազգի դիզայներ Կարինա Հակոբյանը, ով գործունեություն է ծավալում Անգլիայում, իսկ գլխազարդերի հեղինակը հայազգի դիզայներ Մարիաննա Հարությունյանն է, ով գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում: Մարիաննան Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ մեծ հպարտությամբ է աշխատել տեսահոլովակի համար. «Աննկարագրելի զգացողություն է նման գեղարվեստական տեսահոլովակի համար զարդեր պատրաստելը: Շնորհավորում եմ բոլորիս»:

Դիտվել է 63256անգամ
Վերջին լուրեր