Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Հոկտեմբեր / 2020 : 15-19

Սոնա Վանը Նյու Յորքում արժանացել է հատուկ մեդալի՝ այն ընդունելով արցախյան նոր պատերազմի հերոսների անունից

Հոկտեմբերի 18-ին Նյու Յորքում կայացավ Cross-Cultural Communications-ի 50-ամյա հոբելյանի հատուկ մրցանակաբաշխությունը, որին մասնակցում էին միջազգային ճանաչում ունեցող գրողներ աշխարհի տարբեր անկյուններից։ Ամերիկահայ գրող, հասարակական գործիչ Սոնա Վանը, ով այս կազմակերպության կողմից առաջադրվել է Նոբելյան մրցանակի թեկնածու, նույնպես մասնակցել է այս արարողությանը՝ արժանանալով CCC-ի հոբելյանական մեդալին։ Պոետն այս մրցանակն ընդունել է Արցախյան նոր պատերազմում հերոսացող ու նահատակված այն մարտիկների անունից, ովքեր արյան գնով պատերազմում են հանուն արդարության հաղթանակի։ 

 

 

«Այս արարողությանը մասնակցելու հրավերն ավելի վաղ էի ստացել։ Պատերազմը սկսելուց հետո հաստատակամ որոշեցի անձամբ ներկա գտնվել և, օգտագործելով ինձ տրված հատուկ ուշադրության հնարավորությունը, կենդանի խոսքով դիմել աշխարհի ամենատարբեր ազգությունների առաջադեմ ներկայացուցիչներին, ովքեր հաստատել էին իրենց մասնակցությունը։ Պարզվեց` նրանց մեծ մասը ապատեղեկացված էին պատերազմի մանրամասներին, որը մղվում է ադրբեջանաթուրքաահաբեկչական ուժերի կողմից` խախտելով պատերազմի, մարդու իրավունքի, մարդասիրության բոլոր գրված ու չգրված միջազգային օրենքները:

Ներկաները պարզապես ցնցված էին պատերազմի իմ կողմից ներկայացված ճշմարիտ պատկերով։ Դա զգալի էր նրանց արձագանքից. ոմանք արցունքների մեջ հեկեկում էին, իսկ իսպանացի գրչընկերս աղոթք նվիրեց արյան գնով հանուն արդարության հաղթանակի ահաբեկիչների և ցեղասպանների դեմ կռիվ տվող տղաներին ու զոհված ազատամարտիկներին: Հենց այս հերոսների անունով էլ ես ընդունեցի ինձ տրված հեղինակավոր մրցանակը` հույս հայտնելով, որ աշխարհի ողջ խաղաղասեր և առաջադեմ մարդկությունը տեռորիզմի նետած ձեռնոցը կընդունի որպես սեփական պատերազմ` անկախ աշխարհագրությունից և ազգությունից»,- պատմում է Սոնա Վանը։  

 

Ինչպես ասում է պոետը՝ Yale Poetry Club-ի նախագահ, CCC-ի հիմնադիր  ազգությամբ  հրեա Ստենլի Բարկանը, տեղեկանալով Իսրայելի` Ադրբեջանին  աջակցելու մասին, ոչ միայն զայրույթ է հայտնել, այլ նաև  խոստացել է բարձրաձայնել այդ մասին՝ միասնական նամակի մեջ ներառելով իր բոլոր մտավորական-գրող հրեա ընկերներին և հասարակական գործիչներին՝  ի պաշտպանություն հայ ժողովրդի և Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման։

 

«Ես վստահ եմ, որ մյուս օտարազգի ներկաները ևս հետևելու են այս օրինակին,- ասում է Սոնա Վանը,- Տեղեկատվական պատերազմը կարևոր է ճիշտ այնքան, որքան կռիվը մարտադաշտում, հատկապես՝ միջոցների և մարդկային ռեսուրսների այնպիսի անհավասար մարտում, որտեղ հաղթանակը կարող է հնարավոր դառնալ միայն շրջակա քաղաքակիրթ աշխարհի միջնորդությամբ։ Միայն՝ խաղաղության լծակներին տիրապետող կառույցներին պատերազմի ճշմարիտ պատկերը ներկայացնելով, նրանց զայրույթը, կարեկցանքն ու պատասխանատվության զգացումը շարժելով։ Սա է բազումների հոգու ու մտքի մեջ տրանսֆորմացիա առաջացնելու շնորհը կրող յուրաքանչյուր պոետի խրամատը»։

Դիտվել է 15011անգամ
Վերջին լուրեր