02 / Հունվար / 2021 : 16-12

Ամանոր. տարեհաց եւ
ժողովրդական սովորույթներ

Հեղինակ՝ Մարիա Մարկոսյան 

Հին տարիներին հայ աշխարհ Հայաստանում տարեհացը հայկական ամանորյա սեղանի ամենակարեւոր խորհրդանիշն է եղել, որը վերջին տասնամյակներին գրեթե մոռացուած էր... Նոր-Տարին՝ նոր հացով, այսպիսին էր սովորույթը մեր նախնիների։

Համաձայն հին հայկական ավանդության, ընտանիքներում եւ եթե անգամ բավական հաց ունենային, միեւնույնն է՝ տարեհացի պատրաստումը մեծ արարողություն էր համարվում։ Սովորաբար այն թխում էին տան տարեց կանայք, սակայն նախապես, 8-10 տարեկան մի անմեղ աղջնակ, Նոր Տարվա համար թխվող հացի ալյուրից մի քանի բուռ շաղում էր՝ առանց թթխմոր խառնելու, ապա եւ թխում։ Տոնի կարեւորագույն ծիսական հացը տարբեր շրջաններում տարբեր անուններով էր հայտնի՝ «Տարի հաց», «Կրկենի», «Դովլաթ», «Կլոճ», «Փուռնիկ» եւ այլն: Հացի բաղադրատոմսերը եւ ձեւերը նույնպես նույնը չէին, ըստ քաղաքների եւ գյուղերի կարող էր լինել՝ կլոր, եռանկյուն, խաչաձեւ: Միջուկը, որ խորիզ էր կոչվում շաղախում էին մեղրով, ընկույզով, չամիչով, կանեփով, հաճախ ավելացնում էին նաեւ չորացրած պտուղներ: Առհասարակ այս հացի մեջ՝ կաթ, մածուն, կարագ, յուղ չէր գործածվում, որովհետեւ ավանդական Նոր Տարին, ինչպես ասում էին «ուտիս»՝ ուտելու օր չէր, այն «պաս» օր էր՝ պահքի օր: Տարեհացի երեսը սերմերով եւ մրգերով զարդարելը ընդհանուր երեւույթ էր, որը խորհրդանշում էր ամբողջ տարվա հացի եւ պտուղների առատության գաղափարը՝ պտղաբերություն եւ  հարստություն:


Գլխավորը սակայն այն էր, որ տարեհացի մեջ «միջինք» կոչվող որևէ նշան էր դրվում՝ լոբի, սիսեռ, փոքրիկ կորիզ կամ մետաղադրամ՝ տարվա հաջողակի բախտը գուշակելու նպատակով: Հացի երեսի վրա նկարում էին զանազան կենդանիների պատկերներ, հաճախ արեւի կամ հավերժության խորհրդանշաննր։ Տարբեր շրջաննրում տարեհացը տարբեր օր էին կտրում՝ տարեմուտի ընթրիքին, հունուար 1-ի առավոտյան, ճրագալույցին (հունվարի 5), կամ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդին, երբ սեղանի կողքին հավաքված էր լինում ողջ ընտանիքը: Կտրում էին տան բոլոր անդամների թվին հավասար, հաճախ բաժին հանելով նաեւ տան կենդանիներին: Ում բաժնի միջից, որ դուրս ելներ դրամը, այդ տարի նա երջանիկ պիտի լիներ եւ ընտանիքը հաջողություն ունենար:
Որոշ այլ տեղերում էլ, երբեմն տարեհացը բաժանում էին 12 մասի, ըստ ամիսների թվի, եւ որ ամսին բաժին հասներ մետաղադրամը, այդ ամիսն էլ պիտի լիներ ամենաբարեբերը տան համար։ Եթե կտրելիս դանակը դեմ առներ նշանին՝ մետաղադրամին, նշանակում էր տարվա հաջողությունը դժվար հաղթահարելի պիտի լինի:

 

Տարհացից բացի հին Հայաստանի մեր նախնիները խմորից պատրաստում էին նաեւ մարդակերպ եւ կենդանակերպ տիկնիկներ։ Այո, Ամանորի սովորույթների ծիսական ուտեստների «թագավորը» տարեհացն է, սակայն հարկ է նշել, որ այդ օրերին շատ տարբեր տեսակի անուշներ ու հացատեսակներ եւս թխում էին. մեծամասամբ ծիսական գուշակությունների եւ բարեմաղթանքների նպատակով։ Հատկապես յուրահատուկ նշանակություն ունեին Ամանորի նախօրյակին խմորով պատրաստված տիկնիկները, որ կոչվում էին Ասիլիկ-Վասիլիկներ: Տարբեր կերպարանքներ էին տալիս խմորին՝ մարդու կամ կենդանիների տեսքով. աղջիկ տիկնիկների ձեռքերը խաչում էին կուրծքին, երկար հագուստ եւ գլխի զարդեր էին պատրաստում: Տղամարդկանց եւ պատանիների համար պատրաստում էին Վասիլիկներ, որ պարտադիր պիտի գոտի ունենար: Երբեմն թխում էին նաեւ նորածնի տեսքով մարդուկներ, ապա գուշակություն անում ըստ խմորի եփվելու աստիճանի, եթե լաւ ուռեր՝ հաջողության նշան էր, եթե ոչ՝ տխրություն պիտի լիներ։ Այսպես օրինակ, եթե կին Վասիլիկի թխելու ընթացքում խմոր - տիկնիկի փորի մասը ուռեր, ապա գալիք տարում տանը երեխա էր ծնվելու: Բազմաթիվ էին Ասիլիկ-Վասիլիկների հետ կապված հավատալիքները, իսկ ծիսական տարեհացի մասին պահպանված մեր նախնիների սովորույթներն ու ավանդույթները քիչ, թե շատ այսպիսին էին։

Հին Հայաստանի Կաղանդը առանձնահատուկ էր սեղանների առատությամբ, այլեւ ժողովրդական ծեսերի, սովորույթների բազմազանությամբ՝ ամանորյա ուտեստների ու կերակրատեսակների տեսքով: Հայկական ավանդական Նոր Տարվա սեղանի անբաժանելի մաս էր կազմում նաեւ աղանձը (բոված ցորեն, կանեփ), անուշապուրը, պասուց (պահքի) դոլման, որն իր մեջ պարունակում է 7 տարբեր տեսակի լոբազգի հատիկներ՝ խորհրդանշելով կյանքն ու պտղաբերությունը, մահն ու վերածնունդը, այսօր էլ այն Հայաստանում անպակաս է տանտիկինների պատրաստած սեղաններից: Իսկ Ամանորի ամենահարգված կերակրատեսակը բոլորիս ծանոթ հարիսան էր, ինչպես նաեւ՝ քաշիկան, որը հարիսայի տարատեսակ է, պարզապես պատրաստվում է առանց խառնելու, որ գալիք տարին խառնակություն, պատերազմ չլինի՝ խաղաղություն տիրի։

Հին դարերում, Նոր Տարվա սեղանի համար պատրաստվող բոլոր ուտեստները որեւէ իմաստ էին պարունակում, իսկ այսօր կան շատ կերակուրներ, որոնք չունեն ոչ մի խորհուրդ կամ հատուկ նշանակություն. ձեւին ուշադրություն դարձնելով՝ մոռացվում է բովանդակությունը: Եւ ինչպես ասում են. «Մեր քիմքը ճանչում է այն համերն ու բույրերը, որոնք մեր նախահայրերն էին ճաշակում»:
Իսկ ահա մինչ այս կերակրատեսակները համտեսելը, պետք է նախ եւ առաջ զարդարված լիներ տոնածառը։

 

Նյութը լույս է տեսել «Ազատ Օր» օրաթերթի մեջ (Հունաստան, 2019թ.)

https://azator.gr/?p=14713

Author's cover photo
Ամսաթիվ 02 / Հունվար / 2021 : 16-12
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 164635անգամ
Վերջին լուրեր